Հոլանդիայի հավաքականի քաղցր վրեժը (Տեսանյութ)
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է հինգշաբթի երեկոյան, սակայն արդեն մեկ օրից էլ պակաս ժամանակում քննարկումների ու բանավեճերի համար հսկայական նյութ կա: Ֆուտբոլային աշխարհն ուղղակի եռում է, իսկ կրակի վրա յուղ է ավելացնում նաև «B» խումբը, որը հենց առաջին տուրում բարձրակարգ խաղ ապահովեց: 4 տարի առաջ Իսպանիայի ու Հոլանդիայի հավաքականները Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունում պայքարեցին եզրափակչում, իսկ Բրազիլիայում նրանք առերես խաղով մեկնարկեցին Մունդիալ-2014-ում:
Ինչպես խաղից առաջ խոստացել էր Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, թիմն ասպարեզ դուրս եկավ 5 պաշտպանով, ինչը, սակայն, չխանգարեց արդեն մեկնարկում գոլային գրոհ կազմակերպել: Քանի դեռ իսպանացիներն առանց շտապելու փորձում էին մտնել խաղի մեջ, «նարնջագույնները», ովքեր այդ երեկո խաղում էին կապույտ մարզաշապիկներով, քիչ էր մնում` բացեին հանդիպման հաշիվը: Վան Գալի սաներն օգտվեցին Իսպանիայի հավաքականի պաշտպանության ձախողումից, Սնեյդերը փոխանցում ստացավ Ռոբբենից, սակայն գերազանց դիրքից հարվածեց ուղիղ դեպի դարպասապահ Իկեր Կասիլյասը:
Այս պահն իսպանացիներին ստիպեց ակտիվանալ: Այսպես` Ինյեստան շեղ հարվածեց, իսկ Դիեգո Կոստան, հայտնվելով դարպասի առջև, ուշացրեց հարվածը և Վլաարին հնարավորություն տվեց փակել գնդակի ճանապարհը: Աշխարհի չեմպիոնը խաղային ու տարածքային առավելություն ստացավ, որն ավելի ակնհայտ դրսևորվեց, երբ իտալացի մրցավար Նիկոլա Ռիցցոլին որոշեց շարունակել մրցավարների «հրաշագործություններն» աշխարհի այս առաջնությունում: Նախորդ երկու խաղն աչքի էին ընկել մրցավարական լուրջ սխալներով: Այս հանդիպումը նույնպես զերծ չմնաց նման սխալներից:
26-րդ րոպեին Դիեգո Կոստան մրցակցի տուգանային հրապարակում ընդունեց գնդակը, շրջանցեց Դե Վրեին, սակայն այնուհետև «շղթայվեց» Ստեֆանի ոտքին: 11 մետրանոցի առիթ գուցեև կար, սակայն ակնհայտ էր, որ Կոստան վայր ընկնելուն դեմ չէր: Այդուհանդերձ, Ռիցցոլին ցույց տվեց նշանակետը, և Խաբի Ալոնսոն բացեց հանդիպման հաշիվը` 1:0:
Գործնականում բաց թողած գոլից անմիջապես հետո Հոլանդիայի հավաքականը գրոհ զարգացրեց ձախ թևում, սական վան Պերսին չէր սպասում, որ Ռամոսը Բլինդի փոխանցումից հետո բաց կթողնի գնդակը: Իսպանացիները, չնայած գործում էին առանց շտապելու, գրոհներից չէին հրաժարվել և կկրկնապատկեին իրենց առավելությունը, եթե Սիլվան չկորցներ գոլային հնարավորությունը: Ինյեստան հիանալի փոխանցմամբ Դավիդին դուրս բերեց դարպասապահ Սիլեսենի դեմ: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը փորձեց դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկել դարպասը, սակայն Սիլեսենին հաջողվեց փրկել իր թիմին:
Իսպանիայի հավաքականի ֆանատները դեռ չէին հասցրել «մարսել» Սիլվայի վրիպումը, երբ կրկին ստիպված էին բռնել գլուխները: Միայն թե այս անգամ պատճառը հիասթափեցնող էր: Դեյլի Բլինդը ձախ թևից երկար փոխանցումով գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ ներխուժած Ռոբին վան Պերսին ցատկով գլխի հարվածով գնդակն ուղարկեց տեղից դուրս եկած Կասիլյասի գլխավերևով` 1:1:
Ավագի գոլը Հոլանդիայի հավաքականին վստահություն ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ, և թիմը երկրորդ կեսն սկսեց ուժի դիրքերից: «Նարնջագույնները» համարձակ գնում էին գրոհի և արդյունքում պարգևատրվեցին դրա համար: Կրկին երկար գերազանց փոխանցում կատարեց Բլինդը, Ռոբբենն ընդունեց գնդակը, ազատվեց պաշտպաններից և գրավեց դարպասը` 1:2: Պիկեն այդ դրվագում կարծես դպրոցական լիներ. դիրքային սխալ գործեց և չհասցրեց փոխապահովել խաղընկերոջը:
Շատ չանցած Իսպանիայի հավաքականն իսկական ցնցում ապրեց: Եվ այն արարեց թիմի ավագ Կասիլյասը: Հոլանդացիները տուգանայինի իրավունք ստացան: Սնեյդերը ձախ եզրից գնդակն ուղարկեց դեպի հեռավոր դարպասաձողը, որտեղ Իկերը չհասավ գնդակին, իսկ Դե Վրեյը գրավեց դատարկ դարպասը` 1:3: Իսպանացիների հույսերը, որ մրցավարը դարպասապահի վրա հարձակում կարձանագրի, չարդարացան:
Աշխարհի չեմպիոններին խաղի մեջ վերադարձնել կարող էր Պեդրոն, սակայն նա հարվածեց ուղիղ դեպի դարպասապահը, իսկ Սիլվան արդեն խաղից դուրս վիճակից գնդակն ուղարկեց դարպասը: Իսպանիայի ընտրանին դեռ ժամանակ ուներ, սակայն փրկվելու հույսերը թաղեց Կասիլյասը: Իկերը նախ վան Պերսիի հարվածից հետո փրկեց իր թիմին, իսկ այնուհետև անզգուշաբար գնդակը նվիրեց նրան, և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը հաշիվը դարձրեց 1:4: Բայց դա էլ վերջը չէր: Ռոբբենը կենտրոնից մեծ արագությամբ նետվեց առաջ, ազատվեց ընդառաջ դուրս եկած Կասիլյասից, շրջանցեց պաշտպաններին ու դիպուկ հարվածով հաստատեց հանդիպման վերջնահաշիվը` 1:5:
Այսպիսով` Հոլանդիայի հավաքականը ոչ միայն ռևանշի հասավ իսպանացիների նկատմամբ 4 տարի առաջ կայացած աշխարհի առաջնությունում կրած պարտության դիմաց, այլև կասկածի տակ դրեց մոլորակի չեմպիոնի մրցունակությունն աշխարհի ընթացիկ առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում