Հայաստանում գործազուրկների մեծ մասը կանայք են
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով, գործազուրկների մեծ մասը կանայք են: Գործակալության հրապարակած վերջին տվյալներով, մայիսի մեկի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 64.4 հազար, նրանցից 46.2 հազարը կանայք են, 16.4 հազարը` երիտասարդ:
Նախորդ տարվա մայիսի մեկի նկատմամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 9.0%-ով (70.2 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 94.7 %-ը կամ 61.0 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.3%-ով (60.2հազ. մարդ):
«Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.7%-ը կամ 44.3 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 25.0%-ը կամ 15.2 հազ. մարդ»,-հայտնում են գործակալությունից:
Գործազուրկների թվաքանակում մեծ է 1 տարի և ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողների տեսակարար կշիռը, այն կազմում է 56.1%:
2014թ. մայիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցող շարունակող գործազուրկների թիվը կազմում է 5522, նրանցից 3854-ը կանայք են, 872-ը` երիտասարդ:
2014թ. մայիսի 1-ի դրությամբ աշխատանքի է ընդունվել 3507 աշխատանք փնտրող, նրանցից 2114-ը` կին, 1173-ը` երիտասարդ, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7.2%-ով /3760 մարդ/:
«Աշխատանքի տեղավորման ցուցանիշի նվազման պատճառը Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացման իրավական ակտերի բացակայությունն է, որի արդյունքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում ծրագրերը ամբողջությամբ չեն իրականացվում /12 ծրագրից իրականացվում է միայն 4-ը/»,-բացատրում են գործակալությունից:
Ապրիլ ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 1958 թափուր աշխատատեղ: Թափուր աշխատատեղերից 936-ը բանվորական է, իսկ 1022-ը` ծառայողական: Ապրիլ ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից լրացվել է 407-ը, իսկ թափուր աշխատատեղերից 1223-ը կրկնվող են /կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով/:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բժիշկների, անասնաբուժների (մարզերում), տնտեսագետների, ճարտարագետների, հաշվապահների, դասավանդողների, դաստիարակների, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, դիմահարդարների, վարսահարդարների, մատնահարդարների, սարքավորումների և համակարգչային օպերատորների, ավտովերանորոգողների, էլեկտրիկների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, ատաղձագործների, եռակցողների, վերելակավարների, գորգագործների և բանվորական այլ մասնագիտությունները:
Գործակալությունից նշում են, որ աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները