Նախարար. Գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա
Մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մասնագիտական վերլուծության է ենթարկվելու: Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
«Դա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վեր հանմանը, այլև կնպաստի նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս նվազագույնի կհասցվեն ռիսկի գործոնները»,-ընդգծել է նախարարը:
Նա ոլորտի ներկայացուցիչներին կոչ է արել մշտապես լինել զգոն, ուշադիր և աշխատանքը կատարել մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ «կոլեգիալության», գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա:
Նա մարզային ծննդատների տնօրեններին և բուժաշխատողներին հորդորել է որոշումներ կայացնելու գործում լինել ավելի օպերատիվ, քանի որ հաճախ մոր կամ պտղի կյանքը փրկելը վայրկյանների հարց է:
Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա են եղել Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ:
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, հաջորդաբար, ներկայացրել է Գյումրիում առաջին դեպքում մոր և պտղի, երկրորդ դեպքում` պտղի մահվան հանգամանքները, ախտորոշումները, իրականացված բժշկական գործընթացի մանրամասները:
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի և Գյումրու ծննդատանը տեղի ունեցած դեպքերը գտնվում են նախաքննության փուլում և կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքերին առնչվող բոլոր փաստաթղթերը առգրավված են իրավապահ մարմինների կողմից: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել դեպքերի հետ կապված հանգամանքները: Օրենքով սահմանված կարգով, մինչև նախաքննության փուլի և/ կամ քրեական վարույթի ավարտը տվյալների հրապարակումը թույլատրելի չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա