«Հայփոստը» գործարկում է 49 նոր մեքենա
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր լոգիստիկ նոր համակարգերի համար գործարկում է 49 լիովին նոր մեքենա: Սրանք էկոլոգիապես արդյունավետ մեքենաներ են, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը: Տեղեկացնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Միաժամանակ մեքենաները հագեցած են GPS հսկման համակարգերով, ինչի շնորհիվ աշխատանքն առավել ապահով և անվտանգ է դառնում: Այս փոփոխությունները միտված են թարմացնելու և բարելավելու գործառնությունների որակը՝ հավասարեցնելով այն միջազգային բարձրագույն չափանիշերին:
«ՀայՓոստ» ՓԲԸ շարժակազմը համալրվում է 49 նոր մեքենայով, այդ թվում՝
Renault Logan Van- 30 հատ ֆուրգոն,
Renault Duster - 10 հատ 4x4 մեքենա,
KIA – 9 հատ բեռնատար մեքենա:
49 մեքենաների համար ներդրման ընդհանուր արժեքը կազմում է 1,2 միլիոն ԱՄՆ դոլար:
Նոր Renault Logan Van մեքենաները գալիս են փոխարինելու մարզերում դեռևս գործարկվող հնացած, երբեմն նույնիսկ, խորհրդային արտադրության մեքենաներին: Նոր KIA բեռնատարները փոստը Երևանից մարզեր տեղափոխելով 12 ամսվա ընթացքում կանցնեն 90 000 կմ` երկու անգամ ավելի, քան հասարակածի երկարությունն է: Renault Duster ամենագնաց մեքենաները կիրառվելու են առավելապես մարզերում` փոստը ժամանակին հասցնելով նույնիսկ ամենահեռավոր գյուղական բնակավայրեր: KIA բեռնատարների և Renault Duster ամենագնաց մեքենաների բարձր անցանելիության շնորհիվ, ձյունառատ ամիսներին ևս լեռնային գյուղերի բնակիչներին հնարավոր կլինի ժամանակին հասցնել առաքանիները:
Նոր մեքենաները կնպաստեն Հայաստանի ողջ տարածքում բարձրակարգ փոստային և հարակից ծառայություններ մատուցելու Հայփոստ Թրասթ Մենեջմենթի ծրագրի իրագործմանը:
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը տեղեկություն է տարածել նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի գլխավորությամբ «շարունակվող արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագրի մասին»:
Ըստ աղբյուրի` մինչ օրս գրանցվել են հետևյալ արդյունքները:
• Վերանորոգվել է 196 փոստային բաժանմունք (68-ը՝ Երևանում և 128-ը՝ մարզերում): Բոլոր 196 փոստային բաժանմունքներն ամբողջությամբ արդիականացվել են՝ ժամանակակից փոստային, փոստային-ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու, ինչպես նաև հաճախորդների բարձրակարգ սպասարկում ապահովելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր վերանորոգված փոստային բաժանմունք հագեցած է անվտանգության առաջատար համակարգերով:
• Ֆրանսիական փոստի ազգային օպերատոր «Լա Փոստ»-ի հետ համագործակցության արդյունքում «ՀայՓոստ» ՓԲԸ-ն միջազգային բարձրագույն չափանիշերին համապատասխանող լոգիստիկ նոր համակարգ է մշակել՝ բարելավելով փոստային առաքանիների վերահսկողությունը և բարձրացնելով առաքման որակը:
• «Լա Փոստ»-ի հետ համագործակցության շրջանակներում Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում հաջողությամբ փորձարկվել և գործի է դրվել տեսակավորման կենտրոնացված երկու նոր կենտրոն: Մինչ 2014 թվականի սեպտեմբերը հնարավոր կդառնա Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը սպասարկող նոր տեսակավորման կենտրոնի շահագործումը:
• «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ձեռք է բերել և փոստային ցանցում կիրառման համար է նախապատրաստում Էսչեր Գրուպ ընկերության կողմից մշակված՝ աշխարհի լավագույն կենտրոնական փոստային ծրագրային լուծումը: Վերջինս կիրառվում է աշխարհի առաջատար փոստային օպերատորների կողմից, ինչպիսիք են USPS-ը (ԱՄՆ), Deutsche Post-ը (Գերմանիա) և Royal Mail-ը (Միացյալ Թագավորություն): Տվյալ ծրագրային լուծումը նախատեսված է «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային ամբողջ ցանցի ներսում առցանց կապ ապահովելու և մատուցվող ծառայությունների որակը աննախադեպ բարձր մակարդակի հասցնելու համար:
• Աշխատակազմի համալիր վերապատրաստման ծրագրերի համար 700 մ2-ից մեծ մակերեսով նոր Վերապատրաստման կենտրոն է ստեղծվել: Դասընթացներին կարող է մասնակցել միաժամանակ մինչև 150 մարդ: «ՀայՓոստ» ՓԲԸ արդիականացված փոստային բաժանմունքների նմանությամբ ձևավորվել է հատուկ վերապատրաստման սենյակ՝ նոր ընդունված աշխատակազմին թույլ տալով կատարելագործել հաճախորդների սպասարկման և շահագործական հմտությունները «իրական փոստային բաժանմունքի» ռեժիմում: Վերապատրաստման կենտրոնի շահագործական տարածքներն օգտագործվելու են նաև որպես լաբորատորիա՝ «ՀայՓոստ» ՓԲԸ փոստային ցանցում ներդնելուց առաջ միջազգային ամենավերջին նոր տեխնոլոգիաների փորձարկման համար:
• Մի շարք նոր արտադրանքներ և ծառայություններ են ավելացել փոստային, փոստային-ֆինանսական և կոմերցիոն ոլորտներում: Վերջերս ներդրված ծառայություններից մի քանիսը մշակվել և ներդրվել են Ռուսաստանի Դաշնության Փոստային կապի ազգային օպերատոր «Պոչտա Ռոսսիի»-ի և Իտալիայի Փոստային կապի ազգային օպերատոր «Պոստե Իտալիանե»-ի հետ համագործակցության արդյունքում:
• Ընկերության գործառնությունների և լոգիստիկ համակարգի կատարելագործման նպատակով ներդրվել է 105 նոր մեքենա:
Այս տարի, շարունակելով «ՀայՓոստ» ՓԲԸ զարգացման ծրագիրը, վերանորոգվելու է 60 փոստային բաժանմունք (1 փոստային բաժանմունք Երևանում և 59 փոստային բաժանմունք մարզերում):
Վերջին հինգ տարվա ընթացքում Հայփոստ Թրասթ Մենեջմենթի առաջնորդությամբ «Հայփոստ» ՓԲԸ-ն վնասով աշխատող ընկերությունից վեր է ածվել շահույթով աշխատող ընկերության՝ զարգացման և վերափոխման ծրագրի համար իրականացնելով ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: