Քաղաքապետի խորհրդականի որդին պատգամավորների երաշխավորությամբ ազատ է արձակվել
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվել Քոթանջյանը, ով վերջերս ձերբակալվել էր Քանաքեռ-Զեյթունում խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով, երաշխավորությամբ ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քաղաքապետի խորհրդականի որդու համար, ում սպասվում էր, որ պետք է կալանավորեն խուլիգանություն կատարելու մեղադրանքով, երաշխավորել են Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն (Երևանի քաղաքապետի աներձագը) ու Գագիկ Մելիքյանը: Ստորագրությամբ ազատ են արձակվել նաև կռվի մյուս մասնակիցները:
Ավելի վաղ Ոստիկանությունից հայտնել էին, որ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Պ. Սևակի և Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդու` Սամվել Քոթանջյանի հետ միասին կրակոցներով ուղեկցված վիճաբանությանը մասնակցել են նաև 26-ամյա Հովհաննես Կ.-ն, 25-ամյա Ռաֆայել Մ.-ն, 40-անյա Սեդրակ Փ.-ն և 21-ամյա Գոռ Հ.-ն:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ: Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Գոռ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել էին փորձաքննություններ:
Հարակից հրապարակումներ`
Գիշերը կրակոցներ են հնչել Քանաքեռ-Զեյթունում
Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին ձերբակալվել է
Պարզվել է քաղաքապետի խորհրդականի որդու հետ միջադեպի մասնակից անձանց շրջանակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները