Հայաստանում մեծանում է անքնությամբ տառապող մարդկանց թիվը
Երկրագնդի բնակչության 40-45 տոկոսն այսօր տառապում է քնի տարատեսակ խանգարումներով, իսկ մարդկության 15-20 տոկոսն էլ ունի խրոնիկ անքնություն: Զարգացած երկրներում քնի խանգարումների բուժումը հանդիսանում է առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը, մինչդեռ Հայաստանում այս ոլորտին դեռևս լուրջ ուշադրություն չի դարձվում: Հայաստանում ևս գնալով մեծանում է անքնությամբ տառապող մարդկանց թիվը:
«Իրականում քնաբանության կամ քնի բժշկության ոլորտը կարևոր նշանակություն ունի, բայց չգիտես ինչու այն Հայաստանում անտեսված է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:
Նշենք, որ 2011 թվականից Հայաստանում գործում է «Քնի խանգարումների ասոցացիան», որի նախագահն է քնաբան, նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար Սամսոն Խաչատրյանը:
Ըստ նրա` քնի բժշկությունը համեմատաբար նոր ուղղություն է ժամանակակից բժշկության մեջ, որը ձևավորվել է 1970-ական թվականների սկզբին: Նրա խոսքերով` Ամերիկայի Միացյալ Նահանգներում քնի մասնագետին կոչում են «Sleep Specialist», իսկ Եվրոպայում ավելի ընդունված է «Somnolog» տերմինը (քնաբան): Քնաբանը առանձին մասնագիտություն չէ. այն մարդիկ, ովքեր աշխատում են տարբեր մասնագիտական դաշտերում և առնչվում են քնի խանգարումների հետ (օրինակ՝ նյարդաբանը, հոգեբույժը, հոգեբանը, թոքաբանը), նրանք կարող են նաև դառնալ սոնոլոգ:
Ս.Խաչատրյանը նշեց, որ մասնագետները քնի խանգարման տարբեր տեսակներ են առանձնացնում: Մեծ տարածում ունեն անքնությունը, քնի շնչառական խանգարումները (խռմփոց), քնի շնչարգելությունը կամ շնչադադարը, քնի ավելցուկը, նաև անհանգիստ ոտքերի համախտանիշը: Վերջինիս դեպքում, ըստ նյարդաբանի, մարդը երեկոյան քնի ժամանակ ոտքերում տարօրինակ տհաճ զգացողություն է ունենում, որը ստիպում է մարդուն հաճախակի շարժել ոտքերը`այդ զգացողություններից ազատվելու կամ դրանք մեղմելու համար: Դրանից էլ կարող է առաջանալ երկրորդային անքնություն:
Անդրադառնալով Հայաստանում տարածված քնի խանգարումներին, նա նշեց, որ մինչ օրս այդ ուղղությամբ համապարփակ համաճարակաբանական հետազոտություններ չեն անցկացվել: Հանրապետությունում քնի խանգարումների հայտնաբերելիությունը ցածր է, քանի որ լիարժեք ուսումնասիրություններ իրականացնելու համար համարժեք կլինիկական չափանիշներ ներդրված չեն: Այդուհանդերձ, որոշ հետազոտություններ արվել են իրենց կողմից: Մասնավորապես, 2006-2007թթ-ին անցկացվել է միայն քնի խանգարման անհանգիստ ոտքեր համախտանիշի վերաբերյալ ուսումնասիրություն 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների շրջանում: Արդյունքում պարզվել է, որ հարցվածների 8 տոկոսն ունի այս ախտանիշը:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում, ըստ ամենայնի, քնի խանգարումների ծավալները նույնն են, ինչ զարգացած երկրներում:
Հարցին, թե դեղորայքային կամ գործիքային ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում քնի հետ կապված խնդիրները հետազոտելու և հաղթահարելու համար, Ս.Խաչատրյանն ասաց, որ անքնության դեպքում մեծ դեր է խաղում դեղորայքը` նայած որ պաթոլոգիայի մասին է խոսքը, սակայն տարածված է նաև հոգեթերապևտիկ բուժման մեթոդը, որը Հայաստանում դեռ նոր է սկսվում կիրառվել: Շնչառական անքնության դեպքում, ըստ նրա, դեղորայքային բուժումն այնքան էլ արդյունավետ չէ, այստեղ ավելի մեծ ազդեցություն ունի հատուկ սարքերով բուժումը կամ վիրահատությունը: Քնի խանգարումների ախտորոշման լավագույն մեթոդը պոլիսոմոնգրաֆիան է (բազմաքնագրությունը):
Ինչ վերաբերում է խռմփոցին, նա նշեց, որ ցանկացած խռփոց արդեն առողջական խնդրի միասին է խոսում: Մասնագետի խոսքերով` խռմփոցը և շնչառական այլ խանգարումները կարող են վկայել այն մասին, որ մարդն ունի սրտանոթային հիվանդություններ, շաքարախտ կամ ավելորդ քաշ ու ճարպակալում: Զարկերակային բաձր ճնշումը ևս կարող է պատճառ դառնալ, որ մարդու մոտ շնչարգելություն սկսվի, որն էլ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Նրա խոսքով` խռմփոցը հնարավոր է վերացնել` բուժելով այն առաջացնող հիվանդություները: Կարող են կիրառվել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրաբուժական միջոցներ: Նա նաև չբացառեց ժառանգականության գործոնը:
Ս.Խաչատրյանը նշեց նաև, որ իրենց դիմում են ավելի շատ շնչառական խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպես նաև անհանգիստ ոտքերի համախտանիշով տառապողները:
Իսկ անքնությունից խուսափելու համար նյարդաբանը կոչ է անում հետևել քնի հիգիենային. քնելուց առաջ կոֆեին պարունակող հեղուկներ չօգտագործել, չսնվել, զերծ մնալ ակտիվությունից ու հուզմունքներից:
Միաժամանակ նա նշեց, որ խնդիր է ոչ միայն քնի պակասը, այլ նաև քնի ավելցուկը: Օրինակ` նարկոլեպսիա հիվանդությունը հիպերսոմնիայի լավ օրինակ է, երբ քնի կարգավորման համակարգի խախտման հետևանքով խանգարվում է քնից արթուն վիճակ և հակառակ գործընթացը: Շատ հաճախ արտահայտված ցերեկային քնկոտությունը զարգանում է ի նշան քնի շնչառական խախտումների, որոնցից են խռմփոցն ու քնի ապնոէն (շնչարգելությունը): Հաճախ այդ մարդիկ քնում են աշխատանքի ժամին:
«Իհարկե, ամեն քնկոտություն չի, որ նարկոլեպսիա է, դրա համար պետք է համապատասխան հետազոտություն անցկացվի»,- ասաց նա:
Նյարդաբանի խոսքերով` քնի օպտիմալ ժամանակը 6-8 ժամն է, սակայն դա նույնպես անհատական բնույթ է կրում: Ապացուցված է, որ 5 ժամից պակաս և 9-10 ժամից ավելի քնողների մոտ հիվանդացությունը, ինչպես նաև մահացությունը ավելի բաձր է:
Ս.Խաչատրյանը խորհուրդ է տալիս պահպանել նույն ժամերին քնել-արթնանալու կայուն գրաֆիկ: Ննջասենյակն ու անկողինն օգտագործել միայն քնելու և սեռական կյանքի համար, խուսափել ննջասենյակում գիրք կարդալուց, հեռուստացույց դիտելուց, անկողնում երկար մնալուց, համակարգչով աշխատելուց և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները