Պետական աշխատողները չեն կարող հրաժարվել «նպատակային սոցիալական վճար»-ից. Արտեմ Ասատրյան
«Պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարցին, թե որն է բովանդակային տարբերությունը, նախարարը նշեց, որ սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը։ Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի, վերաբերում էր քաղաքացիների բարձրաձայնած այն հիմնական հարցադրումներին, որ սպառումը կնվազի:
«Փաստորեն՝ կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին: Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և դրա շրջանակներում, կարծում եմ, նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»,- ասաց Ա.Ասատրյանը:
Դիտարկմանը, թե սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, այդ գումարները ստիպողաբար մարդկանց գրպանից գնալու են, սոցապ նախարարը նշեց. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»:
Պատասխանելով հարցին, թե պետական աշխատողները կարո՞ղ են հրաժարվել «նպատակային սոցիալական վճար»-ի վերափոխված պարտադիր վճարումներից, նախարարն ասաց. «Ոչ, չեն կարող»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին