Սիրիայի հայ համայնքը, վտանգված մշակութային արժեքներն ու Դամասկոսի թեմի առաջնորդի կոչը
Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ Panorama.am-ը զրուցել է Սիրիայի հայ համայնքի համախմբվածության, վնասված հայկական մշակութային արժեքների, ազատագրված Հոմսի ու Քեսաբի վրա հարձակման մասին:
Վնասները վերականգնելի են
«Սիրիական հակամարտության ընթացքում մոտ 12 հայկական եկեղեցի է վնասվել, ինչպես նաև դպրոցներ, վարժարաններ, մեծ և փոքր ազգային հաստատություններ: Անշուշտ վերականգնելի են վնասները, ի վերջո դա շենքի վնաս է, սակայն ինչպես պիտի լինի և ինչ միջոցներով, դա արդեն մեծ մարտահրավեր ու մեծ խնդիր պիտի լինի»,- ասում է թեմի առաջնորդը:
Նրա բնորոշմամբ, ընդհանուր այս տագնապի մեջ սիրիահայերը նյութապես ևս շատ վնասներ են կրել. «Մի քանի բառով ամփոփեմ` վնասված է Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, հրո ճարակ է դարձել, բայց իբրև շենք կա: Վնասված է նաև հոմսի Սուրբ Մեսրոպ եկեղեցին, Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցին և այլն: Վերջին օրերին հսկայական վնասներ է կրել Նոր գյուղի հայկական կառույցների մեծ մասը»:
Հոմս
Սիրիայի Հոմս քաղաքն ազատագրվեց մայիսի 10-ին: Հոմսում մոտ 110 հայ ընտանիք կար: Այս քաղաքում գործում էր նաև Ազգային Սահակյան վարժարանն ու Սուրբ Մեսրոպ եկեղեցին:
«Այցելեցինք Հոմս, այնտեղ հանդիպեցինք հայ ընտանիքներին: Մի մասը փորձել է վերադառնալ, մի մասը վերադարձել է ու տեսել, որ իրենց բնակարաններն ավերված են, թալանված են: Մեր տվյալներով, այսօր մոտ 50 ընտանիք վերադարձել է իրենց բնակարանները և փորձում են կենցաղային պայմաններ ստեղծել թալանված բնակարանների մեջ, որպեսզի ամբողջությամբ վերադառնան»,- ասում է Արմաշ սրբազանը:
Ինչ վերաբերում է ազգային շենքերին ու կառույցներին, ահաբեկիչները, թեմի առանորդի խոսքով, Ազգային Սահակյան վարժարանն իր ներքնասրահով վերածել էին դարմանատան, ուր որ զինյալներն ապաստանել էին, և իրենց մարտիկներին բժշկական օգնություն էին ցուցաբերում: Նույն դպրոցի տեսչարանը վերածել էին աղոթատեղիի: Եկեղեցին էլ դարձրել էին իրենց գիշերային հանգստի վայր, կացարան:
Քեսաբ
Հունիսի 14-ին սիրիական կառավարական ուժերն ազատագրեցին հայաբնակ Քեսաբ ավանն ու շրջակա գյուղերը: Այժմ Լաթաքիայում ապաստանած ընտանիքներից մոտ 250-ը պատրաստվում է Քեսաբ վերադառնալ, թեև ավանում տները, խանութները, եկեղեցիներն ու կառույցներն այրված են ու թալանված:
Հետհայացք գցելով, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը նկատում է, որ Քեսաբից ժողովրդի տարհանումը շատ լավ կազմակերպվեց և բարեբախտաբար զոհեր չեղան:
«Պետք է նկատել, որ Քեսաբի վրա հարձակումից հետո պատասխանատու տղաները, որոնք դիրքերի վրա էին և ազգայինները սքանչելիորեն կատարեցին տարհանումը: Ի պատիվ իրենց պետք է ասել, որ հերոսական աշխատանք կատարեցին: Քեսաբի վրա հարձակումից հետո ընտանիքները տարհանվեցին Լաթաքիա, վերջին տվյալներով այնտեղ մոտ 350 հայ ընտանիք կար: 40 ընտանիքն ապահով բնակարան չուներ, մնացել էին Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր իրենց սնունդ էր տրվում, բոլոր կարիքները ապահովված էին: Ճիշտ այդ հարցերն ապահովված էին, բայց մարդիկ լուրջ դժվարությունների մեջ էին, որովհետև լքել են իրենց բնակարանները: Սրա կողքին եղան հայորդիներ, որոնք առողջության կամ տարիքի պատճառով անմիջապես չկարողացան տարհանվել: Ինչպես լուր ստացանք, անցան Թուրքիա, վերջինս էլ փորձեց շահագործել նրանց, ցույց տալու թե մարդասեր է: Հետո այդ մարդկանց կարողացան տեղափոխել Լիբանան»,- պատմում է նա:
Մայր գաղութը
Սիրիայի հայ համայնքը, Արմաշ սրբազանի խոսքով, բոլոր քաղաքներում միասնական է:
«Կարող եմ ասել, որ միշտ համադրող գաղութ է եղել, բոլոր ուժերը` լինի մշակութային, հոգևոր, կրթական, թե այլ ոլորտներում: Այս ուժով է, որ սիրիահայությունը վերապրելու, գոյատևելու կամք ունի: Այսօր, դժվար պայմանների հետ մեկտեղ ակումբները մշակութային կենտրոնները, վարժարանները, որոշ խաթարումներով, բայց գործում են: Իբրև համայնք, կա, բայց առաջվա այդ մեծ, համապարփակ ձևով չէ: Կան վարժարաններ, որ հակամարտության թեժ հատվածներում են, կան եկեղեցիներ, ուր հավատացյալները չեն կարողանում այցելել: Ավելի է սեղմվում օղակը և մեկ վարժարանի մեջ հավաքվում են մի քանի վարժարանների աշակերտներ: Դասավանդումները կատարվում են առավոտյան և երեկոյան»,- ասում է նա ու նկատում, որ այս պայմաններում էլ մարդիկ շարունակում են կյանքը:
Թեմի առաջնորդի կոչն իր հոտին
«Պետք է գիտակցեն, որ կարևոր է իրար օգնել, իրար սատարել և հույս տալ: Այն մարդիկ, ովքեր ունեն այդ կարողությունը, պետք է ի գործ դնեն: Ի վերջո վտանգված են մեր ազգային, մշակութային արժեքները, եկեղեցիները, վարժարանները: Վտանգված է հայ մարդու ֆիզիկական գոյությունը, կյանքը, սփյուռքի կարևոր մեկ գաղութի` մայր գաղութի գոյությունը և ապագան»,- եզրափակում է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Նախորդող հրապարակում`
Խոցված Հալեպն ու իր տանը կառչած հալեպահայը. հարցազրույց թեմի առաջնորդի հետ