Կառավարությունն առաջարկում է ԱԺ վաղվա արտահերթ նիստում քննարկել հրատապ հարցեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: 2007թ. ընդունված օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաև հայցադիմումը և կից փաստաթղթի պատճենները ստանալը հավաստող փաստաթղթերը: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով այն ճանաչել է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր: Այս մասին հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից:
Նույնաբովանդակ ձևակերպմամբ դրույթ է ամրագրվել նաև 2014թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, հանգամանք, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը: Հարցին լուծում տալու նպատակով առաջարկվում է օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ ձևակերպմամբ: Նշված փոփոխությունից բխող անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում՝ դատարանի համար հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները նույնպես պատասխանող կողմին ուղարկելու պարտադիր պայման ամրագրելով: Օրինագծի ընդունմամբ օրենսգիրքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
Կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը:
Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ օրենքում առաջարկվող փոփոխություններն համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը:
«Մեծ զիջում ենք անում, տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից», - հավելել է վարչապետը:
Նիստում հավանություն է ստացել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով հստակ սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի օտարում պահանջել, ինչպես նաև սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը: Իրավական ակտն ընդունելու արդյունքում կկանոնակարգվեն սեփականության չօգտագործված մասի օտարման հիմքերը և ընթացակարգերը, ինչպես նաև կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը:
ՀՀ կառավարությունն հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է. «Հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: Այս իրողությունը նաև նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը: Հանրությունը, Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան այս իրողությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան