Բաքու. Հայ պատվիրակները հրաժարվել են մասնակցել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի անունից տրված ճաշին
Ադրբեջանում գտնվող հայկական պատվիրակության անդամներն այս պահին զբոսնում են Բաքվի կենտրոնում՝ անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը ,Թևան Պողոսյանը և Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոութ» (Rose-Routh) սեմինարին, որն անցկացվում է Բաքվում: այսօր սեմինարի 2-րդ օրն է:
Կ. Նահապետյանը նաև ասաց, որ հայկական պատվիրակության անդամները հրաժարվել են մասնակցել այսօր Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավարի անունից տրված ճաշին, քանի որ պատվիրակության ղեկավարը քննարկումների ժամանակ անպարկեշտ պահվածք է դրսևորել՝ բոլոր հայերին անվանելով ահաբեկիչներ:
«Բացի այդ, մենք տեղեկացանք, որ ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտ սուտ տեղեկություն են տարածել. նախօրեին Ադրբեջանի խորհրդարանի նախագահի անունից սեմինարի բոլոր մասնակիցների պատվին կայացած ընդունելության ժամանակ, որին մասնակցել ենք նաև մենք, Ղարաբաղի կենացը խմելիս, իբր թե հայկական պատվիրակությունը ոտքի է կանգնել, բաժակ է բարձրացրել: Մենք հասկացանք, որ ուղղակի չպետք է մասնակցենք այսօրվա ընդունելությանը»,- նշեց նա:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, սեմինարի ընթացքում բավականին բուռն, թեժ քննարկումներ են տեղի ունենում, ադրբեջանցիները ստահոդ տեղեկություններ են տարածում, Հայաստանին փորձում են ներկայացնել ագրեսոր, օկուպանտ, հայերին՝ ահաբեկիչներ. «Բնականաբար, իրենք ստանում են համարժեք պատասխան»:
Ըստ նրա, խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները չեն ուզում ներգրավել այդ քննարկումների մեջ՝ հասկանալով, որ դրանք վերաբերում են երկկողմ հարաբերություններին:
«Ադրբեջանական պատվիրակության անդամները փորձում են հերոսներ ներկայանալ՝ ամեն տեսակի ստահոդ տեղեկություններ տարածելով, հերյուրանքներ, ռազմատենչ, թշնամանք սերմանող հայտարարություններ անելով: Այս ամենն անակնկալ չէր մեզ համար: Երբեմն բանավեճն այնքան է սրվում, որ նիստը վարողը ստիպված են լինում կոչեր անել: Ադրբեջանական կողմն է խախտում համապատասխան հարցի քննարկումը, եթե անգամ հարցը չի վերաբերում Ղարաբաղին, փորձում են ամեն մի երկրորդ խոսքի մեջ անդրադառնալ Ղարաբաղին»,- իրավիճակն այսպես ներկայացրեց պատգամավորը:
Կ. Նահապետյանի տեղեկացմամբ, այսօր սեմինարի ընթացքում քննարկվել է երկու հարց՝ Ադրբեջանում ռազմական ոլորտի բարեփոխումներ և Ղրիմի ճգնաժամն ու դրա հետևանքները Հարավային Կովկասում:
«Երկու հարցի վերաբերյալ էլ մենք պատշաճ ներկայացրել ենք հայկական կողմի տեսակետները, ունեցել ենք հարցադրումներ, մեկնաբանություններ: Այնպես չէ, որ միայն ադրբեջանական ստահոդ հայտարարություններին արձագանքողի դերում ենք»,- ասաց Բաքվում գտնվող ԱԺ պատգամավոր Կ. Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ՝
Ադրբեջանցիները Թևան Պողոսյանի ընտանիքին մեղադրել են ահաբեկչության մեջ և ստացել պատասխան
Հայերի հիմնավորված ելույթները հիստերիա են առաջացրել Ադրբեջանում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ
Բաքվում ցույցեր են հայ պատվիրակների դեմ. Կ. Նահապետյանը` Բաքվից
Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է տվել, պատգամավորները վաղը կմեկնեն Բաքու. Թ.Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան