Քաղաքագետ. Ոչ իշխանական քառյակ ձևակերպումը քաղաքական մանիպուլյացիա է (Տեսանյութ)
Ոչ իշխանական քառյակ ձևակերպումը քաղաքագետ Լևոն Շիրինյանը ճիշտ չի համարում: Ավելին, ըստ նրա, դա քաղաքական մանիպուլյացիա է:
«Հայաստանում կյանքը չի բարելավվում, իրենք համառորեն պահում են ձևակերպումը` պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լևոն Շիրինյանը և հավելեց, որ այդ ուժերը ներկայացնում են օրենսդիր իշխանությունը:
Ինչ վերաբերում է քառյակի պահանջներին, նա նկատեց, որ որպես առանձին ուժեր, ունեին արմատական պահանջներ, սակայն քանի որ կոնսոլիդացիան տեղի է ունեցել ԲՀԿ շուրջ, իսկ ԲՀԿ-ն էլ իրեն շարունակում է ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանք համարել, պահանջները իջեցվել են դրա մակարդակին:
«Ռազմավարական փոփոխության հարցը մնացել է քառյակի աշխատանքներից դուրս: Սրանից փոքրիկ հաջողություններ կամ կգրանցվեն, կամ ոչ: Հայաստանի փրկության ուղի ներկայացված համակարգային փոփոխությունները չեն լինելու: Առկա պահանջների փաթեթում ստրատեգիական հարց չկա, իշխանության փոփոխության պահանջն էլ բավարարված է կառավարության ղեկավարի փոփոխությունով»,- մանրամասնեց Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա, քառյակն այս ամենը գիտակցում է, բայց լռում. «Քառյակը համառորեն խուսափում է ժողովրդին դիմելուց, իսկ առանց ժողովրդի ոչինչ անել հնարավոր չէ»:
Մանրամասն` տեսանյութում: