«Statoil». Եվրոպայում նորվեգական գազը չի կարող փոխարինել ռուսականին
Նորվեգական «Statoil» նավթագազային ընկերությունը չի կարող փոխարինել դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները «Գազպրոմի» և «Ուկրաինայի Նավթոգազի» միջև հակամարտության սրման դեպքում: Այս մասին «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է «Statoil» խոշոր նավթագազային ընկերության գործադիր տնօրեն Հելգե Լունդը:
«Մենք կարող ենք մեծացնել մատակարարումները, սակայն չենք կարող ապահովել այն ծավալները, որ ապահովում է Ռուսաստանը՝ աշխարհում երկրորդ մեծ մատակարարը»,- նշել է նա:
«Statoil»-ի ղեկավարը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական գազային հակամարտության իրատեսական լուծում կգտնվի և էներգետիկ ոլորտը կշարունակի աշխատել:
«Աշխարհաքաղաքականությունը միայն ժամանակավոր ազդեցություն է թողնում ոլորտի վրա, որում ներդրումները կրում են երկարաժամկետ բնույթ»,- փաստել է Հ. Լունդը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները չեն ազդում ՌԴ-ում նորվեգական ընկերության գործունեության և ռուսական ընկերությունների, մասնավորապես, «Ռոսնեֆտի» հետ համագործակցության վրա:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական «Գազպրոմը» դեպի Ուկրաինա գազի մատակարարումների համար սահմանել է կանխավճարային ռեժիմ: Կիևը այսուհետ կստանա այնքան գազ, որքան նախապես կվճարի:
Մոտ 4,5 միլիարդ դոլարի հասնող պարտքերի պատճառով ռուսական կողմը դադարեցրել է դեպի Ուկրաինա գազի մատակարարումները:
Չնայած Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցումը շարունակվում է՝ այն ցանկացած ժամանակ կարող է վտանգվել:
Նշենք, որ Նորվեգիան Ռուսաստանից հետո Եվրոպայում բնական գազի երկրորդ խոշոր մատակարարն է: Ռուսաստանն ապահովում է ԵՄ գազի պահանջարկի մոտ 40%-ը, իսկ Նորվեգիան՝ մոտ մեկ երրորդ մասը: