Հալեպում խմելու ջուր չկա, իսկ հոսանք կարճ ժամանակով է լինում
Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այսօր մամուլի ասուլիսում ՍԴՀԿ հայաստանյան կառույցի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը հայտնեց, որ Հալեպն ահավոր վիճակում է:
«Ամեն օր մեկ-երկու հայ զոհ ենք ունենում: Նոր Գյուղի հայաշատ թաղամասը հիմա ամայի շրջան է դարձել, բոլոր բնակիչներն ավելի ապահով տեղեր են գնացել: Անընդհատ ռմբակոծվում են հայաշատ շրջանները: Հայկական դպրոցներ, եկեղեցիներ, բնակելի շենքեր»,- ասաց նա:
Վազգեն Մեսրոպյանի խոսքով, Հալեպում ջրի խնդիրը դեռ չի լուծվել, իսկ հոսանքը շատ քիչ է:
«Ջուրը թունավորված է, մարդիկ են տուժել: Հիմա խմելու համար ջուրը գնում են, իսկ այդ թունավորված ջուրը միայն լողանալու համար են օգտագործում»,- ասաց նա:
Բանախոսը հավելեց, որ Հալեպն այսօր ֆինանսական օգնության կարիք ունի, և բոլորին կոչ արեց, որ օգնեն. «Շատ մարդիկ անտուն են, դպրոցներն անմխիթար վիճակում են: Մենք պետք է օգնենք և ուժ տանք Հալեպին»:
Նախորդող հրապարակումներ՝
Սիրիա. Հայ համայնքապետներն այցելել են Նոր Գյուղի աղետի գոտի
Խոցված Հալեպն ու իր տանը կառչած հալեպահայը. հարցազրույց թեմի առաջնորդի հետ