ՀՀ նախագահ. «Մի՛ պաշտպանեք Արցախն ինձնից, դա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է»
«ԼՂՀ-ն ունի իր հստակ սահմանները, և բոլոր այն քաղաքական գործիչներն, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ ԼՂՀ անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը՝ խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի անվտանգության համար: Օգտվելով այս հնարավորությունից և դիմելով իմ քննադատներին, մի բան պետք է ասեմ. խնդրում եմ, մի պաշտպանեք Արցախն ինձնից, դա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է»,-«Հայլուր-հարցազրույց» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Աստանայում Ղազախստանի նախագահի Նորսուլթան Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահի նամակն ընթերցելու փաստին, Սերժ Սարգսյանը նշեց, որ կատարվածն անակնակալ չի եղել և հայկական պատվիրակությունը նախապես տեղյակ է եղել Ալիևի նամակի մասին:
«Ես, իրոք, զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում այդպիսի կարծիք հնչեց: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը՝ տասնյակ, հարյուրավոր անգամներ օրական, և, իհարկե, դիվանագիտական ճակատում էլ պատերազմ մղում: Անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր՝ և Ղազախստանի նախագահին, և Ռուսաստանի նախագահին, և Բելառուսի նախագահին: Ո՞նց կարող է այդ հանգամանքն անակնալ լինել: Մեր պատվիրակությունում տասից ավելի մարդ էր եղել, մենք նախորդ երեկոյան խորհրդակցություն ենք ացնկացրել և այդ մարդիկ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին: Բացի դրանից՝ մենք ունենք անցյալի փորձը. Մինսկում Ղազախստանի նախագահն այդ հարցերը բարձրացրեց: Այդտեղ անակնկալի գալու ի՞նչ խնդիր կա: Բացարձակապես: Հարցը նպատակահարմարության մասին է, թե որտեղ, ինչ կարել է ասել: Մի կողմ դրեք հույզերը և լսեք թե այնտեղ ինչ է հնչել, երբ ես ասում էի՝ տհաճ էր, ոչ թե բովանդակային մասով էի ասում, այլ տհաճ էր, որ Մաքսային Միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին: Միայն այսքանը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հայաստանի ղեկավարի խոսքով` դիվանագիտությունը կամ բանակցությունները «տղայություն» անելու տեղ չեն, և այդպիսի հանգամանքներն ավելի շուտ կարելի է գնահատել որպես անպատասխանատվություն, բախտախնդրություն:
«Դիվանագետի, քաղաքական գործչի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար միշտ ցուցաբերելու ենք հաստատակամություն՝ հույզերը պարփակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով և տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաև վերահաստատեց այն, որ Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանն անդամակցելու է իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես 23 տարիների ընթացքում անդամակցել է միջազգային բոլոր կառույցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան