Սերժ Սարգսյան. Մեր ցանկությունն է, որ օր առաջ ԼՂ խնդիրը լուծվի, բայց ոչ ամեն գնով և ոչ ցանկացած պայմաններով
«Բանակցությունների ամենակոնկրետ արդյունքը, արդեն 20 տարի տևող խաղաղությունն է: Այո, վատ խաղաղություն է, փխրուն խաղաղություն է, և ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են: Բայց ցանկացած խախուտ խաղաղություն նախընտրելի է, քան որևէ պատերազմ, ցանկացած բանակցություններ նախընտրելի են, քան ռազմական գործողությունները: Այո, բանակցությունները դանդաղ են ընթանում, և մեր ցանկությունն է, որ օր առաջ խնդիրը լուծվի , բայց ոչ` ամեն գնով, և ոչ` ցանկացած պայմաններով»,- այսօր «Հայլուր-հարցազրույց» հաղորդման տաղավարում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններին, նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի ղեկավարի դիտարկմամբ` ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների դանդաղումը պայմանավորաված է նրանով, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մեկնաբանում այն սկզբունքները, որոնք համանախագահների կողմից առաջարկվել են որպես խնդրի լուծման հիմք:
«Մենք և համանախագահները այդ սկզբունքները պատկերացնում ենք և մեկնաբանում ենք նույն կերպ, Ադրբեջանը այլ բան է հասկանում այդ հասկացողությունների տակ, այդ սկզբունքների տակ և բնական է, որ բանակցությունների ընթացքում այս տարակարծությունը խոչընդոտող հանգամանք է հանդիսանում, և պատահական չէ, որ ամեն անգամ հասնելով ինչ-որ փուլի` Ադրբեջանը նոր առաջարկություններով է հանդես գալիս»,- նկատեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծեց`որպեսզի բանակցությունները ընթանան Հայաստանի, հայ ժողովրդի և միջազգային հանրության համար ընդունելի տեմպերով, անհրաժեշտ է նույն կերպ հասկանալ միջազգայնորեն ընդունված սկզբունքները:
«Մենք շնորհակալ ենք Մինսկի խմբին, համանախագահներին իրենց գործադրած ջանքերի համար: Ի վերջո այս խաղաղությունը կամ խնդրի լուծումը առաջին հերթին մեզ է պետք, այնուհետև ուրիշներին, բայց ես կարծում եմ նաև, որ այստեղ ջանքերի ավելացման խնդիր կա այն ուղղությամբ, որի մասին ես խոսեցի»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան