«Րաֆֆի Հովհաննիսյանը որպես առաջնորդ եղել է, կա և մնալու է». «Ժառանգության» համագումարին ընդառաջ
«Րաֆֆի Հովհաննիսյանը որպես առաջնորդ եղել է, կա և մնալու է: Որևէ փոփոխություն այդ առումով չի լինելու»,- Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով մամուլում տևական ժամանակ շրջանառվող լուրերն այն մասին, որ կայանալիք համագումարում կուսակցությունը նոր նախագահ կընտրի , բայց դա կլինի ոչ Ր.Հովհաննիսյանը:
Միևնույն ժամանակ Ա.Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին նախագահի փոփոխության խնդիր չկա:
Ինչ վերաբերում է լուրերին, թե համագումարից հետո, կուսակցությունում այլևս չենք տեսնի շատ հին «ժառանգականների», մեր զրուցակիցը նշեց. «Ես կարծում եմ հակառակը` ամենահին անդամները կլինեն վարչության անդամներ, բայց կլինեն նաև երիտասարդներ: Ուստիև «հնության» փոփոխություն չեմ ակնկալում, ավելին` վարչությունում կլինեն մարդիկ, որոնք «Ժառանգության» ակունքներում են կանգնած եղել»:
Նա նաև ավելացրեց, որ կուսակցության հերթական համագումարը, որը կկայանա հունիսի 28-ին, անխոսք կփարատի բոլոր այդ մտավախությունները:
Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանին, ով արդեն հայտարարել է, որ չի լինելու կուսակցության նոր վարչության կազմում, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Ս. Սաֆարյանը իր այդ որոշումը հիմնավորել և բացատրել է, որին ավելացնելու ոչինչ չունի:
Բայց չի կարծում, թե Ս. Սաֆարյանը կուսակցությունը կլքի. «Նման խնդիր չկա»: