«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները ցանկանում են փակել ԱԺ մուտքը
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ Դեմիրճյան փողոցի կողմից, քննարկում են մուտքը փակելու հարցը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում քվեարկելու է կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:
Նախաձեռնության անդամները նախագծում առաջ քաշված դրույթները համարում են հակասահմանադրական, բացի այդ, նշում են, որ իրենց արած առաջարկություններից և ոչ մեկն ընդգրկված չեն այդտեղ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախօրեին կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:
Նախորդող հրապարակումներ՝
«Դեմ եմ». «Կուտակային»-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները կրկին հակասահմանադրական են
«Դ!ԵՄ ԵՄ».Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր