Բաքվում մերոնց «դուխը» տեղն է. «Հայկական ժամանակ»
Հայկական պատվիրակության մասնակցությամբ Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth 86-րդ սեմինարի երկրորդ օրը երեկ թեժ մթնոլորտում է անցել, ինչի մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում պատմել է պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը շեշտելով, որ ադրբեջանական կողմի ոչ մի հայտարարություն իրենք անարձագանք չեն թողնում:
Թղթակցի հարցին, թե սեմինարին ներկա մյուս երկրների մասնակիցները ինչպես են վերաբերվել հայ-ադրբեջանական փոխադարձ հակադարձումներին, Պողոսյանը պատասխանել է. «Իրենք փորձում են կոչ անել, որ առիթը օգտագործեք իրար հետ ինչ-որ թեմաներով խոսելու և ընդհանուր լեզու գտնելու համար: Հաճախ ընդմիջումներին մոտենում են, ասում, որ խիզախ ենք, լավ է, որ պատասխանում ենք, որևէ թեմա անարձագանք չի մնում, ողջունում են մեր այդ տեսակի մոտեցումը»:
Թերթը հավելում է. «ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հարկ համարեց նշել, որ շատ է կարևորում իրենց՝ Բաքվում լինելը և չի փոշմանել, որ այնտեղ է և իր գործընկերների հետ միասին հնարավորություն ունի համարժեք պատասխան տալ ադրբեջանական բոլոր տեսակի մեղադրանքներին ներկայացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի տեսակետները: …Թևան Պողոսյանը հայտնեց, որ իրենց «դուխը» տեղն է, ամեն ինչ լավ է և ընթանում է ըստ ծրագրվածի»: