Հարցազրույցներ 10:57 18/06/2014

Մեզ համար առաջնային են անվտանգության խնդիրները. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հանրային հեռուստաընկերություն կատարած այցի շրջանակներում մասնակցել է Հայլուր «Հարցազրույց» հաղորդմանը: Հարցազրույցի ամբողջական սղագրությունը՝ ստորև.

-Մինչ բուն հարցերին անդրադառնալը` հիշեցնեմ, որ մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Վստահ եմ, որ Դուք հետևում եք աշխարհի առաջնության խաղերին: Հետաքրքիր է` ու՞մ եք երկրպագում:

-Ես այդ բառը կարող եմ օգտագործել միայն իմ վերաբերմունքը Հայաստանի հավաքականի նկատմամբ ցույց տալու համար: Ավելի կարճ ասած` ես երկրպագում եմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին: Բայց, իհարկե, հաճույքով դիտում եմ նաև այլ ֆուտբոլային խաղեր և հիմա, այս ֆուտբոլային տոնի ժամանակ, չեմ կարող այդ լավ առիթները բաց թողնել: Անշուշտ, դիտել եմ մի քանի խաղ և սիրողական մակարդակով կարծիք եմ հայտնում, որ շատ հետաքրքիր և դիտարժան առաջնություն է աշխարհի առաջնությունը: Ընդհանրապես` ես տասնամյակներ շարունակ համակրել եմ և հաճույքով դիտել եմ Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների խաղը: Իհարկե, եղել են ժամանակներ, երբ առիթը բաց չեմ թողել` հիանալու Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի հավաքականների խաղով, բայց, նորից եմ կրկնում, իմ համակրանքը միշտ եղել է բրազիլական ու գերմանական ֆուտբոլի կողմը: Կարծում եմ, որ այս առաջնության ամենագրավիչ պահը գոլառատությունն է, որովհետև էլ ի՞նչ ֆուտբոլ` առանց գոլի: Այս ընթացքում ընդամենը մեկ խաղ է ավարտվել` առանց գոլ արձանագրելու, և ես կցանկանայի, որ չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին, որպեսզի հետո մենք կարողանայինք ասել, որ այո, խոշոր հաշվով պարտություն կրեցինք, բայց այդ պարտությունը կրեցինք աշխարհի չեմպիոնից:

-Անցնենք մեր խնդիրներին և այն հարցերին, որոնք նախատեսել եմ այս հարցազրույցի համար: Ինձ թվում է` պիտի նախ  գանք սահմանային իրադրությանը: Սահմանին լարված էր: Այս օրերին, իհարկե, խաղաղ է, բայց այդ լարվածությունը մտորելու տեղիք է տալիս: Նկատի ունեմ հատկապես զարգացումները նախիջևանյան թևում, հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում: Ի՞նչ պիտի ենթադրել. մեր հակառակորդը նոր մարտավարությու՞ն է որդեգրել, և եթե այո, ապա մենք ի՞նչ ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:

- Ես չեմ կարծում, որ մենք ականատեսն ենք նոր մարտավարության: Իմ խորին համոզմամբ` զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ: Այո, հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների երկայնքով, և դրա նպատակները մի քանիսն են, բայց կարծում եմ, որ ամենակարևոր նպատակն այն է, որ աշխարհին, բոլորին ցույց տրվի, որ պատերազմը չի ավարտվել, և եթե բանակցային գործընթացում նրանք հաջողություններ չունենան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Եթե հիշում եք` Հայաստանի «Հանրապետական» կուսակցության վերջին համագումարի ժամանակ ես ասացի, որ անշուշտ, չափազանց կարևոր է, թե ինչպիսի սպառազինությամբ է զորքը գնում մարտի, բայց նաև ասացի, որ առավել կարևոր է, թե կռվողը ով է, հանուն ինչի է կռվում և ում հետ է կռվում: Այդ առումով ես ևս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ 94 թվականի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկսել ռազմական գործողությունները: Մեր նախապատրաստական ողջ աշխատանքը ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը: Այս առումով, իհարկե, վերջին տարիները բացառություն չեն, և մենք պարբերաբար, այստեղ կարող եմ այդ բառն էլ օգտագործել` ջանասիրությամբ, ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ և կատարելագործում ենք նախկինները: Կարող է հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ մենք այդ ամենն ի ցույց չենք դնում, սահմանափակվում ենք ընդամենը զորավարժություներ անցկացնելով կամ էլ, մասնակիորեն, որոշ ռեպորտաժներում ինչ-որ բան ցուցադրելով: Որովհետև մենք դրա կարիքը չունենք, նորից եմ ասում: Սպառազինություններ ձեռք բերելով և ամեն վայրկյան ի ցույց դնելով` տարբեր պետություններ տարբեր խնդիրներ են լուծում: Մեր հասարակությունն, ի տարբերություն ուրիշների, բաց հասարակություն է, և մենք կարիք չունենք ավելորդ ցուցադրման կամ, ճիշտ բառը, երևի, ցուցամոլությունն է: Մեր հասարակության տարբեր ներկայացուցիչներ հնարավորություն ունեն և ունենալու են` մշտապես այցելելու զորամասեր, տեղյակ լինելու ինչպես զինվորների մարտական ոգու, այնպես էլ մեր զինատեսակների կատարյալ լինելու մեջ, մեր զինատեսակների պահանջվող չափով առկա լինելու մեջ: Եվ մենք շարունակելու ենք այս աշխատանքը, որովհետև անվտանգության խնդիրները մեզ համար առաջնային են: Ոչինչ չենք խնայելու, որպեսզի մեր հրաշալի տղաները ունենան այն, ինչն անհրաժեշտ է մեր սահմանները անառիկ պահելու համար, մեր անվտանգությունը ապահովելու համար:

-Պարոն նախագահ, օրեր առաջ լրացավ զինադադարի 20-ամյակը: Արդեն 20 տարի է` հարաբերական խաղաղություն է այս տարածաշրջանում: 20 տարի է` նաև բանակցություններ են ընթանում երկու պետությունների միջև: Ի վերջո, ի՞նչ արդյունք պետք է ակնկալել այս բանակցություններից:

-Բանակցությունների ամենակոնկրետ արդյունքը արդեն 20 տարի տևող խաղաղությունն է: Այո, վատ խաղաղություն է, խռով խաղաղություն է, և ժամանակ առ ժամանակ մեր փայլուն տղաները զոհվում են, բայց ցանկացած խախուտ խաղաղություն նախընտրելի է, քան որևէ պատերազմ: Ցանկացած բանակցություններ նախընտրելի են, քան ռազմական գործողությունները: Այո, բանակցությունները դանդաղ են ընթանում, և մեր ցանկությունն է, որ օր առաջ խնդիրը լուծվի, բայց` ոչ ամեն գնով և ոչ ցանկացած պայմանով: Բանակցությունների դանդաղումը, իմ խորին համոզմամբ, պայմանավորված է նրանով, որ մենք և Ադրբեջանը տարբեր կերպ ենք մեկնաբանում այն սկզբունքները, որոնք համանախագահների կողմից առաջարկվել են` որպես խնդրի լուծման հիմք: Մենք և համանախագահները այդ սկզբունքները պատկերացնում ենք և մեկնաբանում ենք նույն կերպ: Ադրբեջանը այլ բան է հասկանում այդ սկզբունքների տակ, և բնական է, որ բանակցությունների ընթացքում այս տարակարծությունը խոչընդոտող հանգամանք է հանդիսանում: Պատահական չէ, որ ամեն անգամ, հասնելով ինչ-որ մի փուլի, Ադրբեջանը նոր առաջարկներով է հանդես գալիս:  Որպեսզի բանակցությունները ընթանան մեր ժողովրդի և միջազգային հանրության համար ընդունելի տեմպերով, անհրաժեշտ է, որ հստակեցվի մի հանգամանք. մենք նույն կերպ պետք է հասկանանք միջազգայնորեն ընդունված սկզբունքները: Մենք շնորհակալ ենք Մինսկի խմբի համանախագահներին` իրենց գործադրած ջանքերի համար: Ի վերջո, այս խաղաղությունը կամ խնդրի լուծումը առաջին հերթին մեզ է պետք, այնուհետև` ուրիշներին, բայց ես կարծում եմ, որ այստեղ նաև ջանքերի ավելացման խնդիր կա` այն ուղղությամբ, որի մասին ես ասացի:

-Պարոն նախագահ, հիմա գանք մի քանի տնտեսական հարցերի, որոնց շուրջ խոսակցություններն ակտիվացան հատկապես Աստանայից հետո: Տարակարծությունն այստեղ էլ է մեծ: Վերլուծաբանների որոշակի շրջանակ կարծիք է հայտնում, որ Եվրասիական տնտեսական միության անդամներն այնքան էլ շահագրգռված չեն այս կառույցին մեր անդամակցությամբ: Այդ մասին է վկայում նաև Աստանայում Նազարբաեվի դիտարկումը` մեր սահմանների առնչությամբ: Դուք ի՞նչ եք մտածում:

- Ես չեմ կիսում որոշ մոտեցումներ, և, առաջին հերթին, չեմ կիսում այն կարծիքը, որ Մաքսային միության անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը: Ինձ համար, կարծես թե, այս հարցը սպառված է, և ես զարմանում եմ, որ մենք դեռ շարունակում ենք քննարկել այն: Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ, կարծում եմ, վերջացած է: Եվ շատ պարզ է: Այո, Հայաստանի հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը, այո, Հայաստանի հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը` իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես Հայաստանի հանրապետությունն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: Որևէ մեկը կա՞, որ այստեղ հարց առաջացնի կամ ասի` այս մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ոչ: Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի հանրապետությունն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ` հայկական երկրորդ հանրապետության ` Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ: Եվ կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախ պետություն է, սխալ է: Այո, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով` մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը, և ես դրա հետ համամիտ եմ` 100 տոկոսով: Այո, ուրիշները ևս չեն ճանաչել` ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունն է, հարցերի այսօրվա վիճակն է, և կարծում եմ` ամեն ինչ բոլորի համար հասկանալի է: Եթե որոշ հարցեր մնացել են, այդ հարցերը հուզական, էմոցիոնալ մակարդակում են, և ես մեծ պատրաստակամությամբ ընդունում եմ մեր ժողովրդի ցանկությունները և հույզերը, բայց պիտի հասկանանք, որ քաղաքականության մեջ, առավել ևս` դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն: Դիվանագիտությունը կամ բանակցությունները «տղայություն» անելու տեղ չեն: Այդպիսի հանգամանքները ավելի շուտ կարելի է գնահատել որպես անպատասխանատվություն, բախտախնդրություն: Դիվանագետի, քաղաքական գործչի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար միշտ ցուցաբերելու ենք հաստատակամություն` հույզերը պարփակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով և տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: Ես իրոք զարմանում են, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում այդպիսի կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը`օրական տասնյակ, հարյուրավոր անգամներ, այլև, իհարկե, դիվանագիտական ճակատում էլ է պատերազմ մղում: Անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և' Ղազախստանի նախագահին, և' Ռուսաստանի նախագահին, և' Բելառուսի նախագահին: Երբ ասում են` անակնկալ էր, ես չեմ կիսում այդ կարծիքը: Ինչպե՞ս կարող էր անակնկալ լինել: Մեր պատվիրակության կազմում 10-ից ավելի մարդիկ կային, նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, և այդ 10-ից ավելի մարդիկ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին: Բացի դրանից, մենք ունենք անցյալի փորձը . Մինսկում Ղազախստանի նախագահը այդ հարցերը բարձրացրեց: Այստեղ անակնկալի գալու ի՞նչ խնդիր կա: Բացարձակապես: Հարցը նպատակահարմարության մասին է, թե որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Մի կողմ դրեք հույզերը, և լսեք, թե այնտեղ ինչ է հնչել: Եվ երբ ես ասում էի` իրոք, տհաճ է, ոչ թե բովանդակային առումով էի ասում` տհաճ է, այլ տհաճ է, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում է կատարում Ադրբեջանի նախագահի նամակին: Միայն այսքանը: Իսկ որ, նորից եմ ասում, Հայաստանի հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա, և բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը, խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի հանրապետության համար: Այստեղ մի բան էլ պետք է ասեմ` օգտվելով այս հնարավորությունից
և դիմելով իմ քննադատներին. խնդրում եմ , մի' պաշտպանեք Արցախը ինձնից: Սա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է:

- Պարոն նախագահ, այդուհանդերձ, անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ունի նաև մի շարք տնտեսական ասպեկտներ, որտեղ էլի կան մտահոգություններ: Հայաստանում խոսվում է շատ ապրանքների գների թանկացման մասին: Արդյոք իրականությունը սա՞ է, արդյոք մենք հաշվարկե՞լ ենք դրականն ու բացասականը` միությանն անդամակցելիս:

- Անշուշտ: Մենք Մաքսային միությանը ցանկություն ենք հայտնել անդամակցել` ունենալով ոչ միայն այլ խնդիրների հետ կապված բազմաթիվ հանգամանքներ, այլ նաև խորը տնտեսական վերլուծություններ: Եվ ակնհայտ է, որ արդեն իսկ դրա որոշ արդյունքներից մենք օգտվում ենք: Եթե այսօր մենք 1000 խորանարդ մետր գազը մեր սահմանին ստանում ենք 189 դոլարով, եթե այսօր վառելիքաքսուկային նյութերի համար ունենք համապատասխան զեղչեր, եթե այսօր բնական ալմաստի ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ, դա Մաքսային միությանն անդամակցելու, այսպես ասած, նախապատրաստական ժամանակահատվածն է: Անշուշտ, որոշակի անհանգստություններ կան ոչ միայն տնտեսագետների, այլ նաև հանրության, այդ թվում` ինձ մոտ: Չի կարող անհանգստություն չլինել: Մենք մտնում ենք մի նոր տնտեսական համակարգ, և այստեղ, անշուշտ, կան մարտահրավերներ, բայց այդ մարտահրավերները լուծելի են, և մեր անդամակցությունը բերելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան: Նախ` այդ տարբերությունները հսկայական չեն, երկրորդը` զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք, եթե կարելի է այդպես ասել, մուտքի շղթաներ, այսինքն` հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Ենթադրենք` մեքենաների ներմուծման մասով: Ակնհայտ է, որ Մաքսային միության անդամ երկրները ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավտոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք` ավելի քիչ, բայց այդ դրույքների կիրառումը Հայաստանի հանրապետության համար, անպայման, հետաձգվելու է` 5-ից 10 տարով: Ինչու՞ եմ ասում 5-ից 10 տարով, որովհետև սա այն խնդիրներից մեկն է, որոնց մասին ես ասում էի` մնացել է 2-3 խնդիր: Այսինքն`ավտոմեքենաների ներմուծումը զգայուն հարց է մեզ համար, դրա համար մենք խնդրել ենք տալ մեզ ժամանակ: Մեր խնդրանքը հարգվել է, և մենք ունենալու ենք նվազագույնը, վստահ եմ, որ այդպես կլինի, 5 տարի ժամանակ: Այդ 5 տարվա ընթացքում մենք կադապտացվենք, այդ 5 տարին բավարար է: Իսկ եթե լինի 7 տարի, ավելի լավ: Եվ այդպես` բոլոր զգայուն ապրանքատեսակների համար: Հսկայական թիմ է աշխատել, ես վստահ եմ, որ առաջին արդյունքները ունենալու ենք հենց հաջորդ տարի, և այդ ժամանակ մենք ի ցույց ենք դնելու այդ բոլոր առավելությունները: Նորից եմ կրկնում. մենք բանակցային փուլում էինք, և բանակցային փուլում գովերգել, ի ցույց դնել առավելությունները` նշանակում է ունենալ ոչ ամուր դիքեր բանակցային սեղանի շուրջ: Համոզված եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանի հաջողությունները պայմանավորելու են դրանով, ասելու են` այս քայլի արդյունքն է:

- Մեր տնտեսությունն արդեն ղեկավարում է կառավարության նոր կազմը: Իհարկե, այսօր վաղ է ասել, թե կառավարությունը ինչ է արել, բայց ինձ հետաքրքիր է, թե Դուք ի՞նչ եք ակնկալում այս կառավարությունից:

-Ես բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել այդ մասին խոսելու` ինչպես հրապարակավ, այնպես էլ և' վարչապետի, և' կառավարության անդամների հետ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամբողջ կառավարությունը գիտակցում է պատասխանատվության իր աստիճանը, ամբողջ կառավարությունը գիտակցում է, որ նախկին կառավարության փոփոխությամբ ակնկալիքներ են ձևավորվել, և այդ ակնկալիքները պետք է արդարացվեն: Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր աշխատանք` լինի դա կառավարության, լրագրողի, գործարարի, պետք է լինի տեսանելի և չափելի, և որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք արդյունքները տեսնել և չափել հաջողության աստիճանը:
Որպեսզի մանրամասների մեջ չխորանամ` ինձ համար, որպես ոչ տնտեսագետի, գոյություն ունեն մի քանի չափանիշներ: Առաջինը կայուն տնտեսական աճն է: Կառավարությունը պետք է ապահովի կայուն տնտեսական աճ: Երկրորդ չափանիշը աշխատավարձ – գնաճ հարաբերակցությունն է, այսինքն` աշխատավարձի աճը միշտ պետք է գերազանցի, առաջանցիկ լինի գնաճին, որպեսզի ավելանան մարդկանց իրական եկամուտները: Եվ երրորդ հանգամանքը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, թե ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն ենք կարողանում հարկերի տեսքով բերել բյուջե, որովհետև սա է հիմքը և' աշխատավարձերի բարձրացման, և' սոցիալական խնդիրների լուծման: Եվ եթե այս տեսանկյունից ենք նայում, վերջին 3-4 տարիներին ունեցել ենք ձեռքբերումներ: Այլ խնդիր է, որ ակնկալիքները մեծ են, այլ խնդիր է, որ բոլորս ցանկանում ենք օր առաջ ավելի բարեկեցիկ ապրել: Այդպիսի ցանկություն գոյություն ունի բոլոր հասարակություններում: Աշխարհի բոլոր երկրներում էլ կան դժգոհություններ, որոնք պայմանավորված են հենց այդ ցանկություններով: Եվ սա շատ նորմալ է: Աշխարհի բոլոր երկրներում կան տեսակետների բախումներ, տարակարծություններ, և հենց այս տեսակետների բախման ժամանակ են ծնվում պետության համար օգտակար որոշումները: Իմ ցանկությունն է, որ մենք այս պրոցեսները խորացնենք, բայց` մի պայմանով . որ այդ բախումները իրոք լինեն տեսակետների բախումներ, որ այդ բախումները լինեն ԱԺ-ում, մամուլի էջերում, ոչ թե ցուցարարների և ոստիկանների միջև լինեն այդ բախումները: Մենք պիտի կարողանանք ուժ գտնել` և' իշխանությունները, և' ընդդիմությունը, որպեսզի քաղաքակիրթ ճանապարհով կարողանանք գալ ճիշտ լուծումների: Նոր կառավարության առումով արդեն տեսնում եմ նախանշանները, որ այս կառավարությունը հաջողություն է ունենալու: Կանցնի որոշակի ժամանակ, մենք շատ ավելի հստակ կխոսենք:

- Գանք հենց Ձեր նշած բախումներին: Ես բախումները չակերտների մեջ եմ վերցնում: Սխալ կլիներ ընդդիմության գործողություններին չանդրադառնալը` հատկապես վերջին քառօրյայում ընդդիմության ներկայացրած պահանջների ֆոնին: Դրանք 12-ն են: Դուք արդեն ծանոթացե՞լ եք այդ պահանջներին:

- Անշուշտ:

- Եթե ծանոթացել եք, ուրեմն արդեն ունեք Ձեր հստակ վերաբերմունքը, նաև մասնագիտական կարծիքը: Ընդդիմությունը իշխանությանը առաջարկում է գործել պրագմատիկ դաշտում: Ընդունու՞մ եք այդ առաջարկը և ի՞նչ է ենթադրվում իշխանության կողմից:

-Նախ պիտի ասեմ, որ այդ փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, մի փոքր շտապողականություն են ցուցաբերել և որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև, եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից պիտի բացառվեն «պահանջում ենք», «պարտադրում ենք» և այլ հասկացողությունները:
Ես համոզված եմ, որ այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Անշուշտ, ես արդեն հորդորել եմ իմ կուսակից ընկերներին, կառավարությանը` ուշադրությամբ ուսումնասիրել և կատարել հետևյալ գործողությունները . այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում կամ իմ նախընտրական ծրագրում կամ այսօրվա կառավարության` արդեն հաստատված ծրագրում, պետք է արագ առաջ տանել և բացատրել մեր ընդդիմադիրներին,թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդը . այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, անպայման պետք է քննարկվեն հեղինակների հետ և միասին գան ընդհանուր հայտարարի: Եվ երրորդը. այն հարցերը, որոնք, մեր կարծիքով, մեր թիմի կարծիքով, իրատեսական չեն, անպայման պետք է բացատրել մեր ընդդիմախոսներին, թե ինչու իրատեսական չեն և ինչ հետևանքների կարող են բերել, եթե մենք խնդիրները լուծենք այն կերպ, ինչ կերպ իրենք են առաջարկում: Նորից եմ կրկնում և համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ որոշումներ:

- Պարո'ն նախագահ, Դուք նշեցիք սահմանադրական բարեփոխումների շուրջ ընդդիմության և իշխանության բանավեճի մասին: Դուք ի՞նչ եք մտածում այն պրոցեսի մասին, որը տեղի է ունենում այս օրերին և ի՞նչ պետք է ակնկալել այս փոփոխություններից:

- Ես կարծում եմ, որ ինտենսիվ պրոցես է ընթանում, և մեծամասնությամբ` մասնագետները, հանրության բավականին լայն շրջանակներ, մասնակցություն են ունենում այս պրոցեսին: Կարևորագույն խնդիրը, իմ կարծիքով, մասնագետների ակտիվ մասնակցությունն է: Շատերն ասում են, որ սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, և դրանով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Համաձայն լինելով, որ սահմանադրությունը, իրոք, քաղաքական փաստաթուղթ է և որ քաղաքական գործիչները պետք է մասնակից լինեն, այնուհանդերձ, ես համարում եմ, որ առաջին հերթին սահմանադրությունը իրավաքաղաքական փաստաթուղթ է, և այստեղ, առանց մասնագետների, մենք կարող ենք շատ մեծ պրոբլեմների առջև կանգնել: Այս մասով` մասնագետների ընդգրկմամբ, քննարկումների ծավալներով և հաճախականությամբ, ես գրեթե բավարարված եմ: Հաջորդ խնդիրն, իհարկե, քաղաքական ուժերի ներգրավումն է այս քննարկումներին, որովհետև մեր ցանկությունը ինքնանպատակ չէ, մենք ցանկանում ենք, ընդգրկելով մեր հանրության լայն շրջանակներին, ստանալ մի փաստաթուղթ, որը կապահովի մեր երկրի առաջընթացը: Կա նաև երրորդ հանգամանքը: Թեև, իհարկե, դժվար է հանրության լայն զանգվածներին հասցնել այդ հսկայածավալ փաստաթղթի մանրամասները, բայց ես կարծում եմ, որ այստեղ էլ մենք անելիք ունենք, և պետք է քննարկման շրջանակները լայնացնել: Ես տեսնում եմ, որ այդ քննարկումները այսօր միայն Երևանում են տեղի ունենում: Ես վստահ եմ, որ այդպիսի քննարկումներ պետք է լինեն մեր մարզերում, համայնքներում: Կարծում եմ, որ ևս մի որոշակի ժամանակ, և մենք հնարավորություն կտանք հանձնաժողովին` գործունեություն ծավալել նաև մարզերում: Այնուհետև, երբ հանձնաժողովն ավարտի այդ քննարկումները և ինձ ներկայացնի հայեցակարգ, այդ ժամանակ ես, անշուշտ, ավելի հանգամանորեն կխոսեմ այդ մասին:

- Հարցս մի փոքր դիվանագիտական ինտրիգ է պարունակում, նախապես ասեմ Ձեզ: Վերջերս, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտնի նիստում, Թուրքիայի նախագահին հրավիրեցիք մասնակցելու 100-ամյակին նվիրված արարողություններին: Ի դեպ, դա որոշակի անակնկալ առ այսօր էլ պարունակում է: Ի՞նչ եք կարծում, թուրքական կողմը ի՞նչ ռեակցիա կդրսևորի և արդյոք Աբդուլլահ Գյուլի սրտո՞վ էր Ձեր հրավերը:

- Ամենայն հավանականությամբ` Աբդուլլահ Գյուլը հնարավորություն չի ունենա այդ հարցը քննարկել, երբ ժամանակը գա, որովհետև, ինչպես հայտնի է, նա հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին: Այդ հարցի պատասխանը հստակ իմանալուն մնացել է ընդամենը 2 շաբաթ: Բայց ես գնահատում եմ Գյուլին` որպես քաղաքական գործչի, որովհետև, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է և շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը: Իսկ թե կգա՞ Թուրքիայի ընտրված նախագահը, ով էլ նա լինի, մենք կիմանանք առնվազն ընտրություններից հետո կամ էլ ապրիլի 24-ի նախօրյակին, որովհետև, նորից եմ ասում, հիմա հայտնի չէ, թե ով է լինելու Թուրքիայի նախագահը: Ընդհանրապես` հայ-թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության հետ կապված, այս ժամանակահատվածում` մինչև 100-րդ տարելիցը, ես ունենալու եմ բազմաթիվ հնարավորություններ` ինչպես առանձին հարցազրույցների, այնպես էլ ելույթների տեսքով, իմ կարծիքն արտահայտելու այս հարցի շուրջ:

- Եվ վերջինը, պարոն նախագահ: Ընդամենը մի քանի օրից Ձեր ծննդյան օրն է: Հետաքրքիր է` 60-ամյակի շեմին հանրապետության նախագահի ներսում ի՞նչ է կատարվում:
-Ես ինձ այն մարդկանց թվին չեմ դասում, ովքեր վաղօրոք պատրաստվում են իրենց ծննդյան տարեդարձին:

- Բայց այն հոբելյանական է:

-Հասկանում եմ, որ հոբելյանական է, բայց, ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե այս հոբելյանական տարեդարձը այն հանգրվանն է, որտեղ ես իրականացված եմ տեսել իմ բոլոր երազանքները: Մարդ արարածն այնպիսին է, որ միշտ փորձում է ինչ-որ հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ: Նորից եմ կրկնում` ես չեմ կարող իմ 60-ամյակի առիթով ասել, որ իմ բոլոր ցանկություններն իրականացել են, ուստի այլ բան չի մնում, քան սպասել հաջորդ հոբելյանին` 65-ամյակին, որն, իհարկե, ես կցանկանայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զարգացող Հայաստանով և նույնչափ արագ տեմպերով ներգաղթով: Ես կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձները, դրանք կատարված ցանկություններով դիմավորեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}