Մարին Լե Պեն. «ԵՄ-ն հնարավոր չէ կատարելագործել, այն պետք է «ապամոնտաժել»»
Եվրամիությունը հնարավոր չէ կատարելագործել, այն իր ներկա տեսքով պետք է «ապամոնտաժել»: Նման հայտարությամբ է հանդես եկել Ֆրանսիական Ազգային ճակատ շարժման ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարին Լե Պենը: Փոխանցում է RT-ն:
«Իմ նպատակն է Եվրոպայի ամբողջական վերակազմավորումը և, հետևաբար, նաև Եվրոպական միության ապամոնտաժումը: Գլխավորը հարցն այն է, թե արդյոք հնարավոր է բարելավել և կատարելագործել ԵՄ-ը: Ես անձնապես չեմ հավատում այդ հնարավորությանը»,- նշել է Մարին Լե Պենը:
Վերջինս իր տեսակետները ավելի պատկերավոր դարձնելու համար ներկայիս ԵՄ-ը իր թերություններով հանդերձ համեմատել է նախկին Խորհրդային միության հետ: Մարին Լե Պենը հանդես է եկել նաև եվրոյից հրաժարվելու առաջարկով` հիմնավորելով, որ այն ամենևին էլ կայուն և վստահելի արժույթ չէ, որքանով նրա գոյության ամբողջ ընթացքում խնդիր է առաջացել «պահպանել այդ արժույթը»:
Ազգային ճակատի ղեկավարի խոսքով` ֆրանսիացի ընտրողների և տնտեսվարողների մեծամասնության մոտ արդեն այս գաղափարները ընդունելի են դառնում, սակայն անհրաժեշտ է իրենց հարևաններին ևս համոզել:
«Այսօր արդեն կան այս ուղղությամբ շարժումներ Գերմանիայում և Իտալիայում, վաղը այդպիսիք կարելի է տեսնել Իսպանիայում և Պորտուգալիայում»,- հայտարարել է Լե Պենը:
ԵՄ-ը «ապամոնտաժելով»` Մարին Լե Պենը առաջարկել է ստեղծել գեներալ Գոլի երազած Բրեստից մինչև Վլադիվոստոկ ձգվող «Ազգերի Եվրոպան», որը կներառի նաև Ռուսաստանը:
Ուկրաինական դեպքերին անդրադառնալով` Մարին Լե Պենը նշել է, որ միջազգային հանրությունը այս դեպքում ևս սխալվել է, ինչպես որ Սիրիայի, Լիբիայի դեպքերում: Ըստ նրա` ուկրաինական խնդրի լուծման ընդունելի տարբերակ կարող է լինել ՌԴ նախագահի կողմից առաջարկված երկրի դաշնայնացման պլանը: Ուկրաինային եվրաինտեգրացիայի մասով ընտրության առաջ դնելը, քաղաքական գործիչը համարել է որպես Արևմուտքի կողմից կիրառված շանտաժ, որն ի հայտ բերեց ծանր հետևանքներ:
Հիշեցնենք, որ այս տարի մայիսի 22-25-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում զգալի ձայներ ստացան արմատական կուսակցությունները, այդ թվում նույն Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը, ինչը, փորձագիտական գնահատակնների համաձայն, խոսում է այն մասին, որ Եվրոպայում խորանում են արմատական տրամադրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան