Ո՞ր տուգանքները կնվազեն, իսկ որոնք կավելանան
ՀՀԿ-ի վերցրած քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկությունն այլևս չշարունակեց: Փոխարենը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխությունները ներկայացրեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն բոլոր վարորդներին:
Բանախոսը նշեց, որ լրացումներն ու փոփոխությունները մի շարք նվազեցումներ են նախատեսում գործող տուգանքների մասով, ինչը հանրության պահանջն է:
Փոփոխությունները, մասնավորապես, սրանք են. 1-20 կմ/ժ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր գերազանցած կմ/ժ-ի համար հազար դրամ տուգանք: Այսինքն, սահմանվածից երեք կմ/ժ գերազանցած վարորդը պետք է 3 հազար դրամ տուգանք վճարի, 14 կմ/ժ գերազանցողը՝ 14 հազար դրամ և այսպես շարունակ, մինչև 20 կմ/ժ-ի գերազանցումը: 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում առաջարկվում է կիրառել հաստատուն 30 հազար դրամ տուգանք:
Ներկայումս գործող կարգով 1-ից 10 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված է հաստատուն 10 հազար դրամի տուգանք, 11-ից 30 կմ/ժ գերազանցելու դեպքում՝ հաստատուն 30 հազար դրամ տուգանք: 31-50 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար այժմ սահմանմված է 50 հազար դրամ տուգանք, որն առաջարկվում է դարձնել 100 հազար: 51 և ավել կմ/ժ-ով գերազանցելու համար գործող 70 հազար դրամի տուգանքն առաջարկվում է դարձնել 200 հազար դրամ:
«Այն բոլոր խախտումները, որոնք էապես վտանգ են ներկայացնում, ավելի բարձր տուգանքի չափ ենք սահմանել: Մասնավորապես, եթե վարորդը 80 կմ սահմանված ճանապարհահատվածում արագությունը գերազանցի 170-ից կմ-ից, ապա այս դեպքում ամենից բարձր տուգանքը սահմանել ենք 500 հազար դրամ»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը:
Պաշտոնյան տեղեկացրեց, որ էականորեն նվազել են մահվան ելքով պատահարները հատկապես մարզերում, որտեղ տեղադրված են արագաչափ սարքերը: Օրինակ, նշեց Ա.Օսիկյանը, անցած տարվա նույն այս ժամանակահատվածի համեմատ մարզերում 20 մահով նվազում ունենք, ինչը անշուշտ շատ մեծ ցուցանիշ է:
Բացի այս, եթե վարորդական վկայականը վարորդի մոտ չէ այդ պահին, ապա ներկայիս 5 հազար դրամ տուգանքի փոխարեն տուգանքը կդառնա 3 հազար դրամ:
Բայց ոչ միայն տուգանքների նվազեցում է նախատեսվում փոփոխություններով, այլև որոշ տուգանքների չափի ավելացում: Մասնավորապես, այսուհետ ավելի շատ տուգանք կվճարեն այն վարորդները, որոնք սիրում են ղեկին բջջային հեռախոսով խոսել. «Մենք գտնում ենք, որ նմանատիպ խախտումները իրենց էությամբ վտանգ են ներկայացնում, զգոնությունը թուլացնում, դրանով պայմանավորված մեր կողմից առաջարկվում է 3 հազար դրամի փոխարեն տուգանք սահմանել 5 հազար դրամ»:
Եվս մեկ կարևոր փոփոխություն. այսուհետ 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու համար սահմանվելու է տուգանքի չափի 25 տոկոս ավելացում և ոչ թե գործողի համաձայն եռապատկում, իսկ 60 օրում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսի ավելացում: Մինչդեռ գործող օրենսդրությամբ ներկայումս այս դեպքում տուգանքը հնգապատկվում էր:
Նախորդող հրապարակում`
Փոխնախարար. Հանձնաժողովը պարզել է, որ կարելի է տուգանքի այլ չափեր կիրառել (տեսանյութ)