ՌԴ-ն արգելեց կարտոֆիլի ներմուծումն Ուկրաինայից. Ի՞նչ հնարավորություն է ստեղծվում Հայաստանի համար
Հունիսի 16-ից Ռուսաստանը արգելել է կարտոֆիլի ներմուծումը Ուկրաինայից: Ռուսաստանի գյուղմթերքի վերահսկողության ծառայությունից հայտնել են, որ ներմուծումը դադարեցնելու որոշումը կապված է նրա հետ, որ Ուկրաինայից ներմուծվող կարտոֆիլի խմբաքանակում պարբերաբար հայտնվում է կարանտինային օբյեկտ` ոսկեգույն կարտոֆիլային նեմատոդա:
Դրանով վարակված կարտոֆիլը վնասակար չի մարդու առողջության համար, սակայն որպես սերմնացու օգնագործելու պարագայում բերքատվությունը շեշտակի կրճատվում է (30-70%-ով), ինչպես նաև վնասվում է բույսի արմատները:
Հաշվի առնելով 2013թ-ի հուլիսի 1-ից ԵՄ-ից կարտոֆիլի ներմուծման դադարեցնելու փաստը, ինչպես նաև Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի հնարավոր ստորագրումը, ամենայն հավանականությամբ կարտոֆիլի ներմուծման արգելանքը դեռ երկար կշարունակվի: Այս պարագայում կարևոր է դառնում գնահատել, թե կարտոֆիլի ռուսական շուկայում ինչ մասնաբաժին է բացվում ուկրաինական ներմուծումը արգելելուց հետո և Հայաստանն` ՄՄ անդամակցությանն ընդառաջ ինչպիսի ներուժ և հնարավորություն ունի այդ բացը հայկական կարտոֆիլով լրացնելու համար:
Ինչպիսի՞ն է կարտոֆիլի շուկան Ռուսաստանում
Ռուսաստանում կարտոֆիլի տարեկան պահանջարկը գնահատվում է միջինը 30 մլն տոննա, որից 51%-ը գնում է սպառման, իսկ մնացածը` սերմնացուի, անասնակերի և վերամշակման: Պահանջարկի 97.5%-ը բավարարվում է հայրենական արտադրության հաշվին: Այսօրվա դրությամբ Ռուսաստանը համարյա ամբողջությամբ ինքնաբավ է և միայն 2%-ն է ներմուծում, բացառությամբ 2011թ-ին, երբ ներմուծումը կազմել է 1.4 մլն տոննա:
Ռուսաստանի «Կարտոֆիլային միության» տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հունիսից մինչև 2014թ-ի փետրվարը ներմուծվել է 182 հազար տոննա: Ներմուծման 75%-ը բաժին է ընկնում երեք երկրների` Եգիպտոս (58.3 հազար տոննա), Չինաստան (54.4 հազ. տ) և Ադրբեջան (23 հազ. տ): Ուկրաինան այս ցուցակում վեցերորդն է` 4.5 հազար տոննա ծավալներով:
Այսինքն պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան աշխարհի խոշորագույն կարտոֆիլ արտադրող երկրների շարքում է (տարեկան 23մլն տոննա), այնուամենայնիվ Ռուսաստան արտահանման ծավալները շատ փոքր են և արգելքի սահման արդյունքում գնային կամ ծավալային մեծ փոփոխություն չի սպասում: Սակայն, անվիճելի է, որ ինչպես 2011թ-ին, այնպես էլ հնարավոր յուրաքանչյուր անբարենպաստ տարի Ռուսաստանը կարող է մինչև 1 մլն տոննա կարտոֆիլի ներմուծման խնդիր ունենալ, և քանի որ Եվրասիական տնտեսական միության տարածքում ստանդարտները համընդհանուր են և ներմուծման ասահմանափակումները նվազագույն են, այդ իսկ պատճառով Հայաստանը ռուսական շուկայում առայժմ դիրքավորվելու, հետագայում նաև շոշափելի մասնաբաժին ունենալու նպատակ պետք է հետապնդի:
Կարտոֆիլի արտադրությունն ու արտահանումը Հայաստանում
Պարենային ապրանքներից կարտոֆիլի արտադրությունը Հայաստանում այն քիչ ոլորտներից է, որը ապահովում է 100% ինքնաբավություն, ավելին` վերջին տարիներին նկատվում է նաև կարտոֆիլի արտահանման աճ: Հայաստանում նախորդ տարի կարտոֆիլի բերքը կազմել է շուրջ 660 հազար տոննա՝ 2012 թվականի 647 հազար տոննայի դիմաց: Անցյալ տարի շուրջ 22 անգամ շատ կարտոֆիլ է արտահանել, քան 2012 և 2011 թվականներին: Նախորդ տարի արտահանված 23 հազար տոննա կարտոֆիլի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 6.5 միլիոն դոլարը (1 կիլոգրամը՝ շուրջ 115 դրամ): ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2012 թ. Հայաստանից արտահանվել է 1057.5 տոննա կարտոֆիլ, իսկ 2011 թ.՝ 901: Արտահանման աճին զուգընթաց, շուրջ 20 տոկոսով նվազել է կարտոֆիլի ներկրումը: Նախորդ տարի մեր երկիր է ներկրվել ավելի քան 4 հազար տոննա կարտոֆիլ՝ 2012 թվականի 5 հազար տոննայի դիմաց: Անցյալ տարի մեր երկրից արտահանված կարտոֆիլի հիմնական մասը գնել են Վրաստանը (8399,7 տոննա) և Ռուսաստանը (7574.1 տոննա), ինչպես նաև Իրաքը, Թուրքմենստանը, Իրանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:
Այսպիսով, նախորդ տարվա կարտոֆիլի արտահանման ուղղությունները ցույց են տալիս, որ ռուսական շուկայում այսօր ևս հայկական կարտոֆիլը ունի իր փոքր մասնաբաժինը, սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանը այս տարի ներմուծման սահմանափակումներ է կիրառել նաև Կորեայից, Հնդկաստանից և Բանգլադեշից ներկրվող կարտոֆիլի խմբաքանակների նկատմամբ, ապա Հայաստանը հայտնվում է շահեկան վիճակում և մեծանում կարտոֆիլի պահանջարկը, որը շղթայական ձևով կկրճատի անմշակ վարելահողերը, որոնք կարտոֆիլի արտադրության համար բարենպաստ են, սակայն ներքին շուկայի հագեցվածության և արտաքին պահանջարկի ցածր լինելու պատճառով անմշակ են մնում:
Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում