Սերժ Սարգսյան. Հայաստանը կարիք չունի ի ցույց դնելու իր սպառազինությունը
Հայաստանը կարիք չունի ի ցույց դնելու իր սպառազինությունը,- այսօր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում առկա լարվածությանը` երկրի ղեկավարը նշել է, որ չի կարծում, թե Ադրբեջանը կիրառում է նոր մարտավարություն:
«Ես չեմ կարծում, թե ականատեսն ենք նոր մարտավարության: Իմ խորին համոզմամբ` զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ: Այո´, հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների երկայնքով, և դրա նպատակաները մի քանիսն են: Բայց ամենակարևոր նպատակն այն է, որ աշխարհին ցույց տրվի, թե պատերազմը չի ավարտվել, և եթե բանակցային գործընթացում նրանք հաջողություններ չունեցան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Եթե հիշում եք, ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ ես ասացի, որ կարևոր է, թե ինչպիսի սպառազինությամբ է զորքը գնում մարտի, բայց ասացի, թե առավել կարևոր է՝ ով է կռվողը, հանուն ինչի է կռվում և ում հետ է կռվում: Այդ առումով ես մեկ անգամ ևս պետք է շեշտեմ, որ 1994-ի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկսել պատերազմական գործողությունները, և մեր ողջ նախապատրաստական աշխատանքն ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը: Այս առումով վերջին տարիները բացառություն չեն, և մենք պարբերաբար և ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ, կատարելագործում ենք նախկինները»- նշել է Ս. Սարգսյանը:
«Այստեղ կարող է հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ չենք մենք այդ ամենը ի ցույց դնում և սահմանափակվում ենք ընդամենը զորավարժություններ անց կացնելով, կամ էլ մասնակիորեն որակի ռեպորտաժներում ինչ-որ բան ցուցադրելով: Որովհետև մենք դրա կարիքը չունենք:
Սպառազինություններ ձեռք բերելով ու ամեն վայրկյան ի ցույց դնելով՝ տարբեր պետություններ տարբեր խնդիրներ են լուծում: Մեր հասարակությունը, ի տարբերություն ուրիշների` բաց հասարակություն է, և մենք կարիք չունենք ցուցադրության կամ ցուցամոլության: Մեր հասարակության ներկայացուցիչներ հնարավորություն ունեն և ունենալու են տեղյակ լինելու ինչպես մեր զինվորների մարտական ոգու այնպես էլ մեր զինատեսակների կատարյալ լինելու և պահանջվող չափով առկա լինելու մեջ: Մենք շարունակելու ենք այս աշխատանքը որովհետև անվտանգության խնդիրները մեզ համար առաջնային են: Մենք ոչինչ չենք խնայելու, որ մեր հրաշալի տղաներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է սահմանները անառիկ պահելու համար»,- հավելել է երկրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան