«Դեմ եմ». «Կուտակային»-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները կրկին հակասահմանադրական են
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններում կան բազմաթիվ թերացումներ, կրկին չի ապահովվում կամավորության սկզբունքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:
«Մենք դատապարտում ենք կառավարության այդ գործելաոճը, որ առանց քննարկման, հանրային կարծիքը հաշվի առնելու, նախագիծ են մշակել, որով կրկին աշխատողի կամքը հաշվի չի առնում»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ իրենց ներկայացրած առաջարկությունները կառավարությունը հաշվի չի առել. «Մենք ներկայացրել էինք առաջարկեր, վարչապետը խոստացել էր, որ կլսի մեր առաջարակները: Իսկ մենք առաջարկում էինք՝ համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր, համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից, համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը։ Այս նոր նախագիծը կրկին հակասահամանդրական է: Եթե այն ընդունվի, օրենքի ուժ ստանա, մեր ութ ամսվա պայքարը, ժողովրդի կամքը ոտնահարվելու է»:
Նա նշեց. որ նոր բողոքի ալիք է բարձրանալու: Այս պահին, ըստ Գ. Գորգիսյանի, նախաձեռնության անդամները հավաքվում են Ազգային ժողովի դիմաց:
«Միացեք մեզ, բողոքենք միասին, որպեսզի հետո կառավարությունը չասի՝ բողոքեիք»,- ընդգծեց նա:
Նրա կարծիքով, կառավարության կողմից նման նախագիծ մշակելը մեկ նպատակ ունի՝ որոշ ժամանակով հանգստացնել մասնավոր սեկտորին, քանի որ մինչև 2017 թվականը նրանց վրա օրենքը չի տարածվելու:
Ըստ Գ. Գորգիսյանի, իրենք պատրաստ են դիմել Սահմանադրական դատարան, նաև միջազգային ատյաններին՝ այս նոր նախագիծն ընդունվելու դեպքում կրկին հակասահմանադրական ճանաչելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախօրեին կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:
Նախորդող հրապարակումներ՝
«Դ!ԵՄ ԵՄ».Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին