Կրթական նոր հնարավորություններ` Վանանդ գյուղի դպրոցին
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է հերթական` 3-րդ ստեղծագործարանը: Էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած ստեղծագործարանում սովորելու են Արմավիրի մարզի Վանանդի գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այս դպրոցում գործելու են նաև կրթության ժամանակակից պահանջներին համապատասխանող գրադարան և ռեսուրս կենտրոն:
Ինչպես հաղորդում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից` ստեղծագործականությունը խթանող և տեխնոլոգիաների ուսուցումը խրախուսող արդի այս դասասենյակների՝ ստեղծագործարանների ստեղծման գաղափարը COAF-ինն է: Գյուղական համայնքների հավասարաչափ զարգացման և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներով դպրոցները համալրելու ծրագրերը կյանքի են կոչվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տրամաբանության շրջանակներում:
Մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ և Արագածոտնի մարզի Արտենի համայնքների երեխաները: Նորաբաց ստեղծագործարաններում ձևավորված կրթական միջավայրը և տիրող մթնոլորտը թույլ են տալիս իրականացնել բազմանպատակ գործունեություն և աշխատանքների համադրում: Մասնավորապես` համակարգչի օգտագործում և տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում և դասախոսություն, ընթերցանություն և խաղ։
«Երեխաներին տվեք բացահայտվելու հնարավորություն, և նրանք շատ արագ կգերազանցեն Ձեր ակնկալիքները: Շատ կարևոր է դասապրոցեսը սովորական գործընթացից ստեղծագործական մոտեցման վերածելը: Ուզում եմ հավատալ, որ ստեղծված միջավայրը կմեծացնի ուսման նկատմամբ աշակերտների հետաքրքության աստիճանը և կտա ցանկալի արդյունք»,- հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանն էլ իր հերթին նշել է, որ կարևորում է կրթական հաստատություններում անհրաժեշտ ենթակառուցվածքների և կրթական ժամանակակից միջավայրի ապահովումը.
«Բոլոր այն ծրագրերը, որոնք նախաձեռնում և իրականացնում է COAF-ը` ուղղված են գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացմանը: Մենք կրթությունը դիտարկում ենք որպես երիտասարդների զարգացման շարժիչ ուժ: Իրականացվող ծրագրի նպատակը գյուղական դպրոցներում կրթության որակի բարձրացումն է: Ստեղծագործարանը, գրադարանն ու ռեսուրս կենտրոնը միավորող այս կրթասրահը, օգնելու է ոչ միայն ուսումնատենչ աշակերտներին, այլև բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են տեխնոլոգիաների կիրառումն ինտեգրել դասապրոցեսում և այն դարձնել ավելի հետաքրքիր ու ուսանելի»,-ասել է նա:
Նորաբաց գրադարան-ռեսուրս կենտրոնը թույլ կտա տեխնոլոգիաների կիրառմամբ` բարելավել տեղեկատվության հասանելիությունը և երիտասարդների շրջանում սեր սերմանել` ընթերցանության նկատմամբ: Այստեղ իրենց հետաքրքրող գրականություն և մասնագիտական զարգացման նյութեր կգտնեն և´ երեխաները, և´ դեռահասները, և´ մանկավարժները, և´ համայնքի ներկայացուցիչները: Գրադարանի յուրահատկություններից է գրքերի, դասագրքերի և տեղեկատվական այլ նյութերի թվային տարբերակների հասնելիությունը:
Ստեղծագործարան-գրադարան-ռեսուրս կենտրոնի զարգացման ծրագրին զուգահեռ՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամը Վանանդի միջնակարգ դպրոցում մեկնարկում է նաև «Առողջ սնուցում» և «Ատամների խնամք» ծրագրերը: Դպրոցում ստեղծվել է ատամների մաքրման կետ և կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք և առողջ սնունդ է մատուցվելու տարրական դպրոցի երեխաներին: Իսկ տարրական դպրոցի ուսուցիչների և բուժքույրերի համար կազմակերպվելու են դասընթացներ` ատամների մաքրման թեմայով:
Ավելի վաղ՝ 2013թ. դեկտեմբերին, Հիմնադրամի առողջապահական ծրագրի շրջանակներում վերանորոգվել էր Վանանդի բուժկետը, 2014թ. մարտին՝ բացվել դպրոցի խաղահրապարակը, իսկ վերջերս՝ մայիսին, Վանանդի դպրոցն ընդգրկվել է «Առողջությունը խրախուսող դպրոցների եվրոպական ցանցում»: