«The Christian Science Monitor». Ադրբեջանի ռազմական կարևորությունը Արևմուտքի համար չափազանցված է
Ադրբեջանը փորձում են ներկայացնել որպես Արևմուտքի օրինակելի գործընկեր, սակայն այդ երկրի նվիրվածությունը արևմտյան արժեքներին կասկածներ է հարուցում, հատկապես, երբ խոսքը գնում է մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական նորմերի մասին: Այդ մասին նշված է ամերիկյան «The Christian Science Monitor» օնլայն թերթի կայքում հրապարակված հոդվածում:
Հեղինակները նշում են, որ Ուկրաինայում դեպքերի վերջին զարգացումների հետ կապված Սվանտե Քորնելը իր`«Ինչու Ամերիկան պետք է ակտիվացնի իր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի մինչև հակամարտությունը լուծման համար» հոդվածում, որը հրապարակվել էր հունիսի 10-ին «The Christian Science Monitor»-ի կայքում, փորձել է համեմատել Ղարաբաղը Ղրիմի հետ: Ընդ որում` նա անտեսել է այս 2 հակամարտությունների միջև եղած կարևոր պատմական, աշխարհագրական, իրավական և քաղաքական տարբերությունները:
Նյութում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ունի պատմական և իրավական խորը արմատներ, իսկ հակամարտության վերջին փուլը սկսվել է 1988 թ. փետրվարին, երբ Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքավար մարզի քաղաքացիները խաղաղ ցույցեր սկսեցին, պահանջելով վերամիավորում Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հետ:
Ադրբեջանական քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված ջարդերից հետո լարվածության կտրուկ ավելացումը բերեց լայնածավալ պատերազմի, որը շարունակվեց մինչև 1994 թ. : Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարից հետո, միջնորդի դերը իր վրա վերցրեց Եվրոպայի համագործակցության և անվտանգության կազմակերպության Մինսկի խումբը:
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Մոսկվայի դերը այդ հակամարտության մեջ սովորաբար գերագնահատվում է: Միևնույն ժամանակ արհամարհվում է Արցախի ժողովրդի ցանկությունը` ապրել իրենց ընտրած պետությունում:
«Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմի ընթացքում Բաքուն իր բանակ էր վերցնում աֆղան և չեչեն մուջթահիդներին, որոնցից շատերը այնուհետև տեղափոխվեցին Հյուսիսային Կովկաս, ձգտելով ջիհադ իրականացնել և դրանով իսկ սպառնալով Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Հաշվի առնելով Ռուսատանի աշխարհագրական դիրքը և Հյուսիսային Կովկասում նրա ունեցած խնդիրները, Մոսկվան չի կարող անտեսել խաղաղ գործընթացը Արցախում», -գրված է նյութում:
Նշվում է, որ ԱՄՆ-ն ևս ակտիվ մասնակցություն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացին: Դրա օրինակներից մեկն է հանդիսանում ԱՄՆ-ի բանակցությունները Քի-Վեսթում 2001 թ. ամռանը, որի ժամանակ կողմերը խաղաղության հաստատմանը այնքան մոտեցել, որքան չէին եղել հրադադարի հաստատման պահից ի վեր:
Վերջին ժամանակներում Հարավային Կովկասի գծով փորձառու վերլուծաբանները և պաշտոնական անձինք, ինչպիսիք են Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, փորձագետ Թոմաս դե Վաալը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էրիկ Ռուբինը քննադատեցին մարդու իրավունքների իրավիճակը Ադրբեջանում, Արևմուտքի և Ռուսաստանի կողմը անցնելու երկրի իշխանությունների փորձերը, ինչպես նաև նշեցին Ադրբեջանի նշանակության նվազումը` որպես Միացյալ Նահանգների գործընկերոջ:
Հոդվածում նաև նշվում է, որ վերջերս Բաքուն նախաձեռնել է նոր հալածանքներ երկրի ներսում այլ կարծիք ունեցողների դեմ, ինչպես նաև քննադատության է ենթարկել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքին:
«Human Rights Watch» կազմակերպությունը պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս կապված բլոգերների և լրագրողների ձերբակալումների դեպքերի հետ, այդ թվում այն անդրադարձել է նաև վերջերս օդանավակայանում տեղի ունեցած հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու ձերբակալման դեպքին, գրում է «Christian Science Monitor»-ը:
Ադրբեջանի և Արևմուտքի հուսալի համագործակցությունը հարցականի տակ դնող մեկ այլ կարևոր փաստարկ է այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից $4 միլիարդ արժողությամբ զենք է գնել:
«Այս երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանցված է: Օրինակ` գազի մատակարարումները Եվրոպա նշանակալից չեն, կազմում են ԵՄ ընդհանուր պահանջարկի ընդամենը 2%-ը և չեն կարող փոխարինել ռուսական մատակարարման ծավալները: Իսկ Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների բարելավման համատեքստում Ադրբեջանի դերը, ըստ երևույթին, էլ ավելի կնվազի: ԱՄՆ-ի հեռանալը Աֆղանստանից, վերջերս թերթաքարային գազի ոլորտում տեղի ունեցած հեղափոխությունը նպաստում են Արևմուտքի և ընդհանուր առմամբ նաև ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի ռազմավարական նշանակության նվազմանը:
Հեղինակների կարծիքով` ԱՄՆ-ն կարող էր նախաձեռնել շփման գոտուց դիպուկահարների դուրս բերումը և դա դրական քայլ կլիներ դեպի առաջ: Արցախի վերադարձը բանակցությունների սեղանի մոտ ևս անհրաժեշտ է, քանի որ երկարաժամկետ խաղաղությունը անհնարին կլինի առանց այն մարդկանց ներգրավման, ովքեր այդ հակամարտությանը բոլորից ավելի շատ են առնչվել:
«ԱՄՆ-ն պետք է ակտիվ դեր խաղա միջնորդական առաքելության մեջ, մյուս համանախագահ երկրների հետ համատեղ: Սակայն Արցախում հակամարտության վերջնական լուծումը չի կարող պարտադրվել դրսից և պետք ընդունվի երեք կողմերի համաձայնությամբ, բացառապես խաղաղ ճանապարհով», - եզրափակում են հեղինակները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում