Վաղը Երևանում մեկնարկում է միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը
Երևանում հունիսի 20-ին կմեկնարկի 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որին կմասնակցեն վեց տասնյակից ավելի տեղական և արտասահմանյան կազմակերպություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով` ԴիջիԹեք բիզնես ֆորումին ակնկալվում է, որ այցելուների թիվը կհասնի 3000-ի:
Կ.Վարդանյանը նշեց, որ 2008-ից անցկացվող այս ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ տեղում։
«Ֆորումի ընթացքում ներկայացվելու է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային փորձը»,- ասաց Կ.Վարդանյանը:
Նշվեց նաև, որ գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումներին ֆինանսաբանկային, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման, տուրիզմի բնագավառներում:
Միջոցառումը բաղկացած է ցուցահանդեսային հատվածից, գործարար ներկայացումներից և սեմինարներից, պլենար նիստերից: Ֆորումի շրջանակներում կկայանան նաև հայ-հոլանդական և հայ-ռուսական բիզնես ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հոլանդական, ռուսական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ և այլն:
Նշենք, ոչ միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները