Որտեղ են սովորում կրթության ոլորտի քաղաքականությունը մշակող պաշտոնյաների երեխաները
Հանրակրթական դպրոցների պայմանների զգալի տարբերությունները հաշվի առնելով, ինչպես նաև վերջերս քննարկվող կրթության ոլորտի քաղաքականությունն իրականացնող պաշտոնյաների զավակների ուսման վայրերի վերաբերյալ թեման, դրա և կրթական ոլորտի միջև հասարակության համեմատական զուգահեռները ուսումնասիրելով, Panorama.am-ը հարցը որպես հանրային նշանակության դիտարկեց և որոշեց տեղեկանալ, թե որտեղ են սովորում կրթության ոլորտի քաղաքականությունը մշակող պաշտոնյաների երեխաները:
ԿԳ նախարարությունը Panorama.am-ին է տրամադրել նախարարության աշխատակիցների երեխաների ուսման վայրի մասին տեղեկանք:
Այսպես, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ունի երկու զավակ: Նախարարի որդին 1-ին դասարան է հաճախել Ն.Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում, այժմ սովորում է «Այբ» կրթական հիմնադրամի կրտսեր դպրոցում: Նախարարի մյուս որդին դեռ 6 տարեկան չկա, նախակրթարան է հաճախում:
ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի դուստրը ՌԴ Կրասնոյարսկի դպրոցի, ապա` Ֆինանսաբանկային ակադեմիայի (ոչ պետական հավատարմագրված) սան է:
Փոխնախարարի որդին սովորել է Կոտայքի մարզի Առինջի միջնակարգ դպրոցում, ապա Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Ֆիզմաթ ֆակուլտետում:
Նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի երկու երեխաները` դուստրն ու որդին սովորում են Արարատի մարզի Մարմարաշենի միջնակարգ դպրոցում: Մյուս աղջիկը նույն դպրոցն ավատելուց հետո սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում` բուժական գործ (վճարովի):
Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանի աղջիկը սովորում է Երևանի թիվ 192 հիմնական դպրոցում, իսկ որդին Դավիթաշենում հաճախում է մանկապարտեզ:
ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանի որդիներից մեկը սովորում է Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում, իսկ մյուսը` մանկապարտեզի սան է:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի դուստրը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ապա ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետում:
Որդին նույն դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Հայաստանի ագրարային համալսարան-հիմնադրամում, ապա Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:
Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի դուստրը սովորել է Երևանի թիվ 118 դպրոցում, ապա ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետում: Որդին նույն դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի համալսարանում:
ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դուստրը «Բյուրակն» կրթահամալիրի սան է:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանի զավակները վաղուց են ավարտել ուսումը: Փոքր տղան սովորել է Գյուղակադեմիայում, մեծ տղան` Մանկավարժական համալսարանում: Դպրոցական թոռը թիվ 118 դպրոցում է սովորում, մյուսը` մանկապարտեզ է հաճախում:
ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը մեկ աղջիկ ունի, ով սովորում է թիվ 114 դպրոցի 9-րդ դասարանում:
Երևանի քաղաքապետարանի հանրակրության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ իր ավագ աղջիկը սովորել է ԵՊՀ Արևելեգիտության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում, ապա Մանկավարժական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում: Հիմա պետհամալսարանի Թուրքագիտության բաժնում հայցորդ է ձևակերպված:
Տղան սովորել է ԵՊՀ-ում, ապա ԳԱԱ-ում: Իսկ փոքր աղջիկը ԵՊՀ Քաղաքագիտության ֆակուլտետում, ապա ԳԱԱ-ում:
«Թոռանս դպրոցի հարցը ծնողները պիտի որոշեն: Մայրն աշխատում է Պուշկինի անվան դպրոցում, հաստատ որոշել ենք, որ երեխան այդ դպրոց չի հաճաի: Չենք ուզում նույն դպրոցում լինեն: Ես խորհուրդ եմ տվել, որ դիմեն բնակավայրին մոտ դպրոցը, որ հարմար լինի, երեխան տրանսպորտի մեջ ժամանակ չկորցնի»,- ասաց նա:
Հավելենք, որ ԿԳՆ ուղարկած մեր հարցման մեջ խնդրել էինք պարզաբանել նաև, թե ինչ պատճառով կամ չափանիշերով է ընտրվել ծնողի կողմից այս կամ այն դպրոցը/բուհը: Այս մասը անպատասխան էր մնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները