Հերիք եղավ, Գառնին սրբություն է. Պատգամավորը դատապարտել է Գառնիում կազմակերպած կորպորատիվը
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դատապարտում է Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում խնջույքի անցկացումը, որը կազմակերպել էր Կենտրոնական բանկը:
«Միլիոն տարի առաջ էր, երբ առաջին անգամ այցելեցի Գառնի-Գեղարդ, շատ փոքր էի, բայց շատ պարզ հիշում եմ առաջին տպավորությունս՝ սարսուռն էր, ակնածանքը, մի անբացատրելի վախ և թրթիռ...Ես փոքրիկ էի, իսկ Գառնու տաճարի սյուները՝ հսկա և անհասանելի...երկար ճանապարհ էինք անցել Երևանից և մենք՝ ինձանից ավելի փոքր քույրս, եղբայրս և ես քաղցած էինք, բայց մայրս մեզ արգելեց անգամ բուլկի ոտել տաճարի տարածքում. «Չի կարելի,-ասաց, -սա սուրբ վայր է, համբերեք»:
Մենք երեխա էինք և համբերեցինք... Տարիներ անց , նաև այսօր, երբ Գառնի եմ գնում, հիշում եմ մորս ձայնը, ինձ համակած անբացատրելի սարսուռը և ակնածանքը.. Վերջին անգամ Գառնիում եմ եղել մեկ տարի առաջ.....Սա, որպես հուշ, իսկ ավելի խիստ, ասելիքս այն է, որ հերիք եղավ , բավական է ամեն ինչ չափել փողով և փորով, հերիք եղավ անհարկի և անտեղի փորձել ապացուցել, որ մարդը միայն հացիվ է և ոգու սովն է սպառնում.. հերիք եղավ, Գառնին սրբություն է, Գառնին պատմություն է, մշակույթ, հիշողություն, իսկ հիշողության վրա հաց չեն ուտում, հիշողությունը գուրգուրում են, փայփայում, խնամում և գնահատում....
Թե ով կամ որ կազմակերպությունն է նման միտք հղացել և իրականացրել Գառնու տաճարի մոտ կորպորատիվ կամ նման մի բան կազմակերպելը, արդեն կարևոր էլ չէ՝ սա պետության կողմից պահպանվող հուշարձան է և հենց պետությունը, այս դեպքում, կարծում եմ, մշակույթի նախարարությունը պետք է համարժեք պահվածք ունենար և մերժեր ցանկացած առաջարկ, անգամ եթե այդ առաջարկը գայթակղիչ է և շահեկան, ոչ ոք իրավունք չունի մեր պատմական հուշարձանների հետ վարվել վայրագի պես, մենք մեր հուշարձանների հանդեպ այսպիսի վերաբերմունք իրավունք չունենք ունենալ, մենք անցողիկ ենք, հուշարձանները՝ հավերժ./եթե կարողանանք պահպանել/, եթե մենք մեր հողի վրա ենք այսպես անգրագետ և անխնա, ուրիշից ինչպես պահանջենք հարգել մեզ , մեր պատմությունը և մեր պատմական հուշարձանները...կարծում եմ, մեղավորները պատժի են արժանի , նորից այսպիսի սխալներն աններելի են.... Ես, որպես ԱԺ պատգամավոր դատապարտում եմ կատարվածը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:
Նշենք, որ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում երեկ Կենտրոնական բանկը կորպորատիվ խնջույք էր կազմակերպել, որի համար երեկոյան ժամը 18:00-ին փակվել են թանգարանի դռները այցելուների համար: «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտարարել էր, որ Գառնու տաճարում խնջույք կազմակերպելու համար Կենտրոնական բանկը վճարել է 1 մլն 120 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին