Հայաստանում նկարահանվում է էպիկական իրական պատմություն (Լուսանկարներ)
Հայաստանում սկսվել է ռեժիսոր Ռոջեր Կուպելյանի («Մատանիների տիրակալը» եռագրություն, «Կարիբյան ծովահենները» սագա) «Բյուզանդիայի արևելքը. Պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» էպիկական փաստագրական մինի սերիալների շարքի արտադրությունը՝ մասնավոր ֆինանսավորմամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, որտեղ էլ տեղակայված է նկարահանող խմբի գրասենյակը:
Կենտրոնի սաներին տրվել է ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից ուսանելու հնարավորություն՝ օգնել նկարահանումներին, ինչպես նաև որոշ էպիզոդներում մասնակցություն ունենալ որպես դերասաններ: Հայաստանում նկարահանվող ֆիլմի մասը ղեկավարում է հայաստանաբնակ Արմեն Կուպելյանը` «Fugitive Studios»-ից:
Ռոջեր Կուպելյանի գրաֆիկական վեպից ոգեշնչված՝ գիտական և պատմական ուսումնասիրությունները կուղղորդեն դեպի կրոնի և քաղաքականության հակամարտության իրական պատմությունը Հռոմեական և Պարսկական կայսրությունների միջև, Քրիստոնեության ծնունդը և Հայկական թագավորությունը, որը առաջինն ընդունեց նոր կրոնը, որպես պետական:
Աշխատանքների ավարտից հետո ֆիլմերի մինի շարքը կներկայացվի աշխարհին այս տարվա աշնանը: Ֆիլմի երաժշտությունը հեղինակելու է «System of a Down» խմբի մենակատար, «Գրեմմի»-ի մրցանակակիր Սերժ Թանկյանը:
Ֆիլմի պրոդյուսերներն են «Էմմի» մրցանակի առաջադրված Ուիլյամ Մարթենսը և մի շարք միջազգային փառատոնների մրցանակակիր Սեդա Մելքոնին` «Journey Pictures»-ից: