Կենսաթոշակային ոլորտին վերաբերող վիճահարույց օրենքը ներկայացվեց նորովի
Այսօր աշխատանքային օրվա գրեթե ավարտին խորհրդարանում մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումն առաջին ընթերցմամբ:
Հարցի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ օրենքի փոփոխության հիմքում ընկած է երկու խնդիր` Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին ընդունած որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանը և հասարակության մտահոգությունները:
«Ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում 2014 թվականի հուլիսի 1-ից, երբ օրենքներն ուժի մեջ մտնեն, այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվելու: Օրենքով սահմանվում է պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար»,- ներկայացրեց նախարարը:
Պաշտոնյայի, խոսքով, ներկայացված փաթեթով Սահամանդրական դատարանի կողմից առաջ քաշված խնդիրները, որոնք վերաբերում էին անձի սեփականության իրավունքին, լուծվել են:
Նախարարն ասաց, որ կառավարությունն ականջալուր է եղել հասարակության մտահոգություններին և ներկայացրեց, որ սոցիալական վճարի դրուքաչափը 5 տոկոս է առաջարկվում, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը` 25.000 դրամ ամսական, կամ տարեկան` 300.000 դրամ:
«Մի դեպքում` սահմանելով 500 հազար դրամ շեմ, դրանով սահմանում ենք այն շեմը, որը որպես սոցիալական պետություն, ամրագրում ենք, որ դրան համապատասխանող կենսաթոշակի ապահովումը բավարար է սոցիալական պետության տեսանկյունից, որպեսզի քաղաքացին իր եկամտին համապատասխան մինչև 50 տոկոսի չափով կենսաթոշակ ստանա, իսկ եթե անձը ցանկություն ունի ավելի բարձր կենսաթոշակ ստանալ, ապա նա կարող է կամավոր միանալ համակարգին ու կատարել վճարումներ», -հայատարրեց պաշտոնյան:
Այս պարագայում, նրա խոսքով, կարևոր է, որ այս հուլիսի 1-ից կբարձրանան պետական ծառայողների միջին աշխատավարձերը` առողջապահության ոլորտում 21 տոկոսով դրանք կբարձրանան, կրթության ոլորտում` 13.9 տոկոսով, մշակույթի ոլորտում` 29.6 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտում` 21.6 տոկոսով, պետական կառավարման ոլորտում` 47 տոկոսով, քաղծառայության ոլորտում` 68 տոկոս:
«Առաջարկվում է առաջին փուլում ընդգրկել պետական աշխատողներին և 74 թվականից հետո ծնված մյուս աշխատողներին առաջարկվում է թողնել կամավորության սկզբունքով` երեք տարի կամավորության սկզբունք: Եթե անձը ցանկություն ունի մասնակցել կենսաթոշակային նոր համակարգին, ապա կատարում է նպատակային սոցիալական վճար: Իսկ եթե չունի նման ցանկություն, ապա հրաժարվում է սոցվճար կատարելուց և դուրս է մնում համակարգից», -հայտարարեց նախարար Ասատրյանը:
Համակարգին կամավոր միացած անձանց համար ևս կլինի պետական մասնակցություն ընդհանուր կանոններով: Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, ապա, ըստ նախարարի, առաջարկվում է, որ սոցիալական վճարը կատարի գործատուն: «Այսինքն` 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանվող 50 հազար դրամ տնօրինվող եկամուտը աշխատող անձի կողմից դա անձը կստանա ամբողջությամբ», -հայտարարեց Արտեմ Ասատրյանը:
Մեկ այլ առաջարկությամբ, համակարգի մասնակցի մահվան դեպքում կենսաթոշակային միջոցները կարող են միանվագ փոխանցվել ժառանգին:
Նոր նախագծով չեն անտեսվել մինչև 3 տարեկան երեխաներին խմանող մայրերը, ովքեր նախորդի դեպքում անտեսված էին. այդ մայրերի համար պետությունը կատարելու է ամսական 5 հազար դրամի չափով վճար` փոխանցելով նրա հաշվին:
Հարակից հրապարակումներ`
«Պարտադիր կուտակային վճարի փոխարեն նպատակային սոցիալական վճար». Կենտրոնի առաջարկը
«Դեմ եմ». «Կուտակային»-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները կրկին հակասահմանադրական են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան