Ուկրաինայի նոր արտգործնախարար է նշանակվել Գերմանիայում երկրի դեսպան Պավել Կլիմկինը
Ուկրաինայի Գերագույն Ռադան Գերմանիայում երկրի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Կլիմկինին նշանակել է արտաքին գործերի նախարար: Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից առաջարկված նրա թեկնածության օգտին քվեարկել է 335 պատգամավոր: Այս մասին հայտնում է «Зеркало недели. Украина» պարբերականը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արդեն նախկին արտգործնախարար Անդրեյ Դեշիցան հայտնվել էր սկանդալի կենտրոնում: Կիևում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիայի մասնակիցներին հանդարտեցնելու ժամանակ Դեշիցան իրեն թույլ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցնել հայհոյախառն արտահայտություն:
Ավելի ուշ Ուկրաինայի նախկին արտգործնախարարը փորձել է պարզաբանել, որ այդպես ցանկացել է հանդարտեցնել ցուցարարներին, նրանց հետ գալ համաձայնության, ովքեր մտադիր էին հրդեհել ՌԴ դեսպանատունը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ինքը չի պատկերացնում, թե ինչպես է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ ամենից հետո աշխատելու Դեշիցայի հետ: