Ընդունելության անցումային շեմը չի նվազեցվի. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ներկա է գտնվել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննասենյակներում զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանը, անդրադառնալով միասնական քննությունների ընթացքին, նշել է, որ ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում երկու առաջնային խնդիր կա՝ քննություններն անցկացնել ընթացակարգերին համաձայն և ապահովել գնահատման անաչառությունը և բացառել քննական թեստերի հետ կապված դժգոհությունները:
«Առաջին փուլը, որն արդեն ավարտին է մոտենում, ես համարում եմ հաջողված. դիտարկումները ցույց են տալիս, որ քննություններն անցել են կազմակերպված, և քաղաքացիների բարձրացրած հարցերը ևս ցույց են տալիս, որ հանրության ուշադրությունը կենտրոնացված է ավելի շատ քննությունների արդյունքների, այսինքն՝ բովանդակության, քան թե ընթացակարգերի վրա: Ամենակարևորը, իհարկե, դիմորդների ցուցաբերած առաջադիմությունն է: Պետք է նշել, որ աշակերտները, հատկապես այն առարկաներից, որոնք քննական չեն, թերանում են և այստեղ գնահատման օբյեկտիվության հետ կապված դպրոցներում կան որոշակի խնդիրներ: Ակնհայտ է, որ քննական կենտրոնում կազմակերպված ընդունելության քննություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան դպրոցների ավարտական քննությունները: Հիմնական դպրոցներում 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները ևս առավել անաչառ կազմակերպելու խնդիր ունենք: Միասնական քննությունների ընթացքը հիմնականում գոհացուցիչ է, և Գնահատման և թեստավորման կենտրոնն իր առաքելությունը կատարել է՝ օպերատիվ արձագանքելով անգամ ամենահազվադեպ հանդիպող դժգոհություններին ու քննադատություններին»,- նշել է նախարարը:
Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում ևս քննական միավորի շեմը, ինչպես դա արվեց Ռուսաստանի Դաշնությունում, իջեցվի, Ա. Աշոտյանը պատասխանել է. «Ինչպես նախորդ տ արիներին, այնպես էլ այս տարի մեզ մոտ անցումային շեմի նվազեցում չի եղել. այն շարունակում է մնալ 7,5 միավորը: ՌԴ-ում, այո, երկու հիմանկան առարկաներից,՝ռուսաց լեզվից ու մաթեմատիկայից, ընդունելության շեմը իջեցվել է, որպեսզի շրջանավարտների շուրջ 20-25 տոկոսը չզրկվի ավարտական փաստաթուղթ ստանալուց: Մենք նման խնդիր չունենք, անցումային շեմը չի փոխվել ու չի էլ փոխվելու: Տեղակացնեմ նաև, որ ունենք բավական հետաքրքիր նախամրցութային տվյալներ, որոնք հրակպարակելը դեռևս վաղ է: Այն քաղաքականությունը, որ որդեգրել ենք տարիներ առաջ, այն է՝ բուհ ընդունվելը հեշտացնել, իսկ ավարտական պահանջներն առավել խստացնել, ընդունելության քննությունների խճանկարում արդեն տեսանելի է: Քննությունների արդյունքններն անգամ մաթեմատիկական մոդելավորման տրամաբանությամբ բնական են»:
Ինչ վերաբերում է թեստերի առաջադրանքների որակին, ապա, ըստ նախարարի, քննական թեստաբանությունը մասնագիտություն է, և քննական թեստերը կազմել են մասնագետները, ովքեր այդ ոլորտում առավել արհեստավարժ են:
Ա. Աշոտյանը նշել է նաև, որ առաջիկայում հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվեն նաև պահուստային տեղերի հարցերը, իսկ միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հաղթած աշակերտների ընդունելության հարցը կքննարկվի առանձին:
Ընդունելության արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 15-ը:
Նախորդող հրապարակումներ`
Ա.Աշոտյան. Շատ մասնագիտություների գծով մրցույթը թեժ է լինելու և անցողիկ միավորների շեմը կբարձրանա
Միասնական քննություններ. հայերենից անբավարար է ստացել դիմորդների 16%-ը, օտար լեզվից` 6%-ը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում