Հայաստանում տարեկան 150-200 տնային ծննդաբերություն է գրանցվում
Համաձայն պետական վիճակագրության ծառայության ու ծննդատներից ստացած տվյալների, Հայաստանում ծննդաբերությունների 99.7-99.8 %-ը տեղի են ունենում ստացիոնար բուժհաստատություններում: Panorama.am-ին նման տվյալներ հայտնեց առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«Տարեկան մենք ունենում ենք 42-43 հազար ծննդաբերություն, որից 150-200-ը տեղի է ունենում տանը կամ ճանապարհին, այսինքն այդ կանանց մոտ սկսում է արագընթաց ծննդաբերություն: Հետագայում ծննդաբերած կանայք տեղափոխվել են հիվանդանոց: Մահվան ելքով տնային ծննդաբերություն չի գրանցվել»,-ասաց Գ. Ավագյանը:
Բաժնի պետը միաժամանակ չի բացառում դեպքերը, երբ նույն կինը մի քանի անգամ ծննդաբերի տանը. «Չեմ բացառում, կարող է եզակի դեպքեր լինեն, որոնց մասին ես ճշգրիտ դեպքեր չունեմ»:
Գ. Ավագյանը հիշում է, որ 15-20 տարի առաջ Մարտունու շրջանում ծննդաբերությունների 30-40 %-ը տեղի էր ունենում տանը, նրանք հրաժարվում էին հիվանդանոց գնալ: Բաժնի պետը հանրապետությունում այդ տարիներին գրանցված տնային ծննդաբերությունները կապում է նաև այդ շրջանի դժվարությունների հետ, երբ չկար ավտոմեքենա, վառելիք, բենզին:
«Հիմա այդ շրջանում էլ հարցը լուծվել է: Արագածոտնում, Արմավիրում և Գեղարքունիքում մենք տնային ծնունդներ ունենում էինք 8-9 %: Ես դա բացատրում էի հանգամանքով, որ Արմավիրում և Արագածոտնում ապրում են եզդիներ, քրդեր, իսկ Մարտունիում դա մի տեսակ տրադիցիա էր: Այսօր այդ մոտեցումը լրիվ փոխվել է»,-ասաց Գ. Ավագյանը:
Նրա կարծիքով, տնային ծննդաբերությունների նման փոքր ցուցանիշը մատչելիության, իրազեկման, անվճար ծննդօգնության հավաստագրերի ներդրման արդյունք է:
«Մինչ հավաստագրերի ներդրումն էլ իրավիճակն արդեն շտկվել էր»,-նկատեց Գ. Ավագյանը:
Ինչ վերաբերում է արևմտյան երկրներում տնային ծննդաբերությունների նման մեծ թվին, ապա Գ. Ավագյանը նշեց, որ դա այլ համակարգ է:
«Հոլանդիայում 80 տոկոսը տանն են ծննդաբերում: Դա իրենց թույլ են տալիս շատ հարուստ մարդիկ: Ծննդկանի համար տանը առանձին սենյակ ու պայմաններ են ստեղծվում, բժիշկը պայմանագիր է կնքում ծննդկանի հետ, իսկ ծննդաբերություն վարողն էլ՝ հիվանդանոցի: Ծննդաբերողի տան մոտ էլ շտապօգնության մեքենա է կանգնած, որ հանկարծ շեղում լինի, շտապ հիվանդանոց տեղափոխեն»,-ասաց Գ. Ավագյանը:
Նախորդող հրապարակում՝
Մեծ Բրիտանիայում կոչ են անում չծննդաբերել լողավազաններում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները