Հայ-լիտվական համագործակցություն` առողջապահության ոլորտում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
«Մեր երկրները համատեղ ծրագրեր են իրականացնում հիմնականում վերարտադրողական, հանրային և հոգեկան առողջության ուղղությամբ։ Այդ համագործակցությունն իրականացվում է հիմնականում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային անդամ-պետությունների հետ համագործակցության շրջանակներում»,-նշել է Արմեն Մուրադյանը։
Նախարարը կարծիք է հայտնել, որ լիտվացի գործընկերների համար հետաքրքիր կարող է լինել Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների բարելավման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում գրանցած լուրջ ձեռքբերումները:
Լիտվայի Հանրապետության դեսպանը շնորհավորել է առողջապահության նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Հույս ունեմ, որ Հայաստանում իմ առաքելության ընթացքում մեզ կհաջողվի բարեկամական և աշխատանքային մթնոլորտ ձևավորել»,-նկատել է Էրիկաս Պետրիկասը` հավելելով, որ 2001-2005 թվականներին` Ժնևում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին սերտ է եղել իր առնչությունը առողջապահական ոլորտի հետ:
«Ինձ համար կարևոր նպատակ է, որպեսզի մեր երկրների մասնագետներն հնարավորություն ունենան համագործակցելու միմյանց հետ»,- շեշտել է Պետրիկասը:
Որպես համագործակցության կարևոր ուղղություն խոսվել է ինչպես ուսանողների, այնպես էլ` բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերի մասին, որոնց իրականացման գործում Լիտվան կարող է աջակցել Հայաստանին:
Դեսպանն առաջարկել է ստորագրել առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության միջգերատեսչական համատեղ համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռի հստակեցնելու համագործակցության հետագա ծրագրերը:
Դիվանագետը նախարարին հրավիրել է առաջիկայում աշխատանքային այց կատարել Լիտվա, ինչն ընդունվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա