Հունիսի 21-ին կնշվի երաժշտության տոնը
1982 թվականից ի վեր ամեն տարի հունիսի 21-ին՝ ամառային արևադարձի օրը, սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտները միավորվում են՝ նշելու Երաժշտության տոնը: Մի քանի տարի է, ինչ Երևանը միացել է աշխարհի 460 քաղաքներին, որոնք այդ օրը իրենց փողոցներում և այգիներում հյուրընկալում են հանրության կողմից արդեն սիրված երաժիշտների ու խմբերի, ինչպես նաև նրանց, ովքեր դեռ նոր պետք է ճանաչում ստանան:
Այս տարի կրկին տոնական այս օրը նշելու համար իրենց ուժերն են համատեղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Օրանժ Արմենիան:
Օրանժ Արմենիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 21-ին Orange-ը, արժևորելով սկսնակ և պրոֆեսիոնալ երգիչների հեղինակած երգերը՝ Երևանի Սիրահարների այգում (19:00-ից սկսած) և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (15:00-ից սկսած) կկազմակերպի համերգներ, որոնց ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ կունենան այնպիսի խմբեր, ինչպիսիք են The Beautified Project, The Band, The Manuscript, The Windrose, ինչպես նաև կհնչեն հեղինակ-կատարողներ: Ֆրանսիայի Դեսպանությունը, երկրորդ տարին անընդմեջ, ժամը 20:00-ին դեսպանատան Կլոր դահլիճում կկազմակերպի «Զբոսանք Ֆրանսիայով» թեմայով ֆրանսիական երգին ու երաժշտությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում կկատարվեն երգեր՝ ներկայացնելով ֆրանսիական մշակույթը, քաղաքներն ու բնապատկերները, ինչպես նաև մարդկանց: ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հաղթանակի զբոսայգում կկազմակերպի էստրադային համերգ Ջազային արվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ, ինչպես նաև համերգներ կանցկացվեն մարզերում:
Երաժշտության տոնը ստեղծվել է 1982թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության կողմից: Տոնի ստեղծման գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ ֆրանսիացիների մշակութային սովորույթներն ուսումնասիրող մի հարցման արդյունքում բացահայտվեց, որ հինգ միլիոն մարդ՝ այսինքն երկու երիտասարդներից մեկը, երաժշտական որևէ գործիք է նվագում : Այս վերլուծությունն այդ ժամանակվա Մշակույթի նախարարին դրդեց ուղիներ փնտրել՝ այդ մարդկանց փողոցում ինքնաարտահայտվելու հնարավորություն ընձեռելու:
Տասնհինգ տարվա ընթացքում Երաժշտության տոնը տարածվեց հինգ մայրցամաքների ավելի քան հարյուր երկրներում:
Գրեթե տասը տարի է, ինչ Հայաստանն ուղղակիորեն ներգրավված է Երաժշտության տոնում՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ Երևանում և մարզերում: