Շուշան Խաթլամաջյան. Լավրովը դադարեցրեց շահարկումները
«ՌԴ արտգործնախարարն ընդամենը դադարեցրեց շահարկումները»,-անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ադրբեջան այցի ժամանակ արված այն հայտարարությանը, թե Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը:
«Սերգեյ Լավրովի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ուղղված էր այս հարցով շահարկումների դադարեցմանը: Դա ոչ մի տեսանկյունից պետք չէր ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ Ռուսաստանին: Իսկ ի՞նչ էինք մենք սպասում: Նա ընդամենը բաժանեց Մաքսային միության և Լեեռնային Ղարաբաղի հարցերը: Այս տեսանկյունից ես այս հայտարարությունը որոշակի առումով դրական եմ գնահատում»,-ասաց Շուշան Խաթլամաջյանը:
«Լավրովի այցը ուղղակի «Ժամացույցները», օրակարգերը ճշտելու, որոշ հարցերի պատասխանները ստանալու այց էր»,- հավելեց բանախոսը:
Վերջինիս խոսքերով, հունիսի 22-ին սպասվում է Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և այդ քայլով Մոսկվան ցանկանում է ընդգծել, որ իր համար կարևոր են նաև հայ-ռուսական հարաբերությունները: