«Տարազի» փառատոն՝ Շիրակի մարզի Արփենի գյուղում
Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է հայկական ավանդական տարազի փառատոն, որի նպատակն է՝ մասսայականացնել, հասարակության լայն շերտերին ներկայացնել իրենց պատմական հարուստ մշակույթի մաս կազմող ավանդական տարազը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավարի օգնական Դավիթ Ադամյանը:
«Այսօր ազգային հագուստը չի օգտագործվում: Հասարակության նեղ շրջանակները տիրապետում են տարազի առանձնահատկություններին, արժեքին, իսկ լայն շերտերի համար փակ թեմա է: Աշխատել ենք «Տարազ արտ» և «Տերյան» մշակութային կենտրոնի մասնագետների հետ: Փառատոնի ընթացքում ներկայացվելու են նրանց հավաքածուները: Կլինի տարազի դեֆիլե ու տարազի պատմության ներկայացում», - նշեց նա՝ հավելելով, որ Շիրակում գործող թանգարաններն էլ կներկայացնեն իրենց հավաքածուներում պահվող տարազները:
Փառատոնը կայանալու է հունիսի 28-ին Շիրակի մարզի Արփենի գյուղում:
Դ. Ադամյանն ասաց, որ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամն այս տարվա ընթացքում արդեն մեկ փառատոն կազմակերպել է` «Ոչխարի խուզման» փառատոնը Հալիձորում: Նախատեսում են ևս երեք փառատոն՝ արդեն նշված «Տարազի», Շամշադինում՝ «Մեղրի ու հատապտուղերի», Վարդենիսում՝ «Ոսկե հասկի», որը նվիրված է լինելու ցորենի բերքահավաքին:
Հայկական ավանդական տարազը՝ խոր հնությունից եկող իր կայուն հատկանշներով, յուրահատուկ վկայություն է հայ ժողովրդի ծագման, զարգացման, պատմական ճակատագրի մասին: Նրա մեջ արտացոլված են մեր մշակույթի ինքնատիպությունը և ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Չնայած հազարամյակներ ի վեր տեղի ունեցած պատերազմներին, արտագաղթերին, օտար տիրապետություններին՝ հայ ժողովուրդն ավանդական տարազի մեջ կարողացել է պահպանել խոր հնությունից եկող տարազձևերի, զարդանախշերի և գույների խորհրդանշական պատկերացումներն ու իմաստները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները