Հայաստանի նման փոքր երկրում 12 հազար փախստականը շատ է
Միլիոնավոր մարդիկ աշխարհում փախստականներ են, ունեն փախստականի կարգավիճակ: Եվ, ցավոք, որքան էլ շատ բան է արվում այս ուղղությամբ, փախստականների թիվը գնալով աճում է, քանի որ հին հակամարտություններին փոխարինելու են գալիս նորերը` Սիրիայում, Ուկրաինայում, Աֆղանստանում և այլն: Այս մասին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը Հայաստանում Քրիստոֆ Բիրվիրթը:
Նրա խոսքով, Սիրիայի հակամարտության սկզբից Հայաստան է եկել 16 հազար սիրիահայ, ներկայումս, ըստ պաշտոնական տեղեկատվության, մնացել է 12 հազար: Մարդիկ գալիս են նաև այսօր, թեև այդ շարժն այնքան մեծ չէ, ինչպես անցած ամռանն էր: Նրա խոսքով` Քեսաբի դեպքերից հետո Հայաստան եկավ փախստականների նոր, մեծ խումբ.
«Իրականում չենք կարող պատկերացնել, թե ինչ կլինի հետագայում... շատ են ընտանիքները, որ փախել էին Քեսաբից, բայց կան և այնպիսի ընտանիքներ, որոնք վերադարձել են Քեսաբ: Մենք չենք քարոզում, որ վերադառնան հայրենիք` Սիրիա, որովհետև այնտեղ իրավիճակը շատ տխուր է և վտանգավոր»,- ասաց նա` նշելով, որ հատկապես Քեսաբի դեպքերը շատ ազդեցիկ էին:
Բայց այս հակամարտությունն այնքանով է ցավալի, որ Սիրիայի հայ համայնքը ամենաամուր հայ համայնքն է եղել, որ կարողացել է պահպանել ամեն հայկականը:
Պաշտոնյան նաև ողջունեց ՀՀ իշխանությունների ջանքերը, որոնք միտված են օգնելու սիրիահայ փախստականներին դժվարին այս պահին` կարգավորել իրավական հարցերը, տալ անհրաժեշտ կարգավիճակ հայրենիքում ապրելու և աշխատելու համար և այլն:
Ի դեպ, ընթացիկ տարում ՄԱԿ ՓԳՀ-ին հաջողվել է հայաստանյան ծրագրերի համար նախատեսված բյուջեն ավելացնել երեք անգամ, այն այժմ կազմում է 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլար և բանակցություններն ընթանում են, որպեսզի հաջորդ տարի բյուջեն կրկին ավելանա` կազմելով շուրջ 2.5 մլն դոլար.
«Իհարկե, համեմատելով Թուրքիայի և այլ երկրների հետ փախստականների թիվը Հայաստանում փոքր է, բայց անշուշտ Հայաստանի նման փոքր երկրում 12 հազար փախստականը շատ է»,- նշեց Ք.Բիրվիրթը:
Ծրագրերի թվում են, օրինակ, աջակցությունը բիզնես վարկեր ստանալու և սեփական գործ ունենալու առումով, առողջապահական ծրագրեր` համատեղ Առողջապահության նախարարության հետ, օգնություն վարձի, կոմունալ ծախսերի և այլնի մասով, և այլն:
Հայաստանում փախստականների կողմից հանդիպած խնդիրների ու առկա մարտահրավերների մասին խոսեց ՄԱԿ ՓԳՀ Իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերը. «Շատերը ասում են, թե սիրիահայերը իրենց հետ փող են բերել... այո, դա այդպես է, բայց այդ գումարը արդեն սպառվել է: Ավելի խոցելի են նրանք, ովքեր նոր են գալիս: Նրանք իսկապես շատ ավելի վատ վիճակում են ու խնդիրներ ունեն»:
Մարտահրավերների թվում են առողջական խնդիրները, մանավանդ երիտասարդների մոտ, քանի որ, ըստ տիկին Փուլերի, ապրումների և մնացածի ֆոնին երիտասարդների մոտ ի հայտ են գալիս այնպիսի հիվանդություններ, որոնք բնորոշ են ավելի մեծ տարիքի համար: Մեծ խնդիր է նաև սիրիահայերի կրթությունը` մեծ թվով երեխաներ ուղղակի չեն հաճախում դպրոց, քանի որ առկա է լեզուների բախում:
Լուրջ խնդիր է նաև թույլատրելի բնակավայր գտնելն ու հասարակությանն ինտեգրվելը:
Նա շատ կարևորեց կառավարության ու հատկապես Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը, քանի որ շատ ընտանիքներ ապրում են հեռավոր մարզերում և նրանց հայտնաբերելու ու օգնություն տրամադրելու համար շատ կարևոր է համատեղ, համակարգված գործունեությունը:
Նշվեց, որ օգնությունը տրամադրվում է համակարգված և ոչ մշտական սկզբունքով, այսինքն երբ ընտանիքը կարողանում է արդեն հոգալ իր կարիքները, օրինակ, աշխատանք գտնելով և այլն, ապա գրասենյակը գտնում է մյուս ընտանիքներին և տրամադրում օգնություն արդեն նրանց: Այդպես, 280 ընտանիք անցած երեք ամիսների ընթացքում օգնություն է ստացել, իսկ առաջիկայում ևս 400 ընտանիք էլ կստանա օգնություն:
Ինչ վերաբերում է ուկրաինական դեպքերին և այդ կոնտեքստում փախստականների հոսքին Ուկրաինայից, նշվեց, որ այս պահի դրությամբ քննարկումներ նման զարգացումների հավանականության մասով ընթանում են: Բայց նման հոսք, ինչպիսին Սիրիայից էր, չի սպասվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները