Անահիտ Բախշյան. Ուսուցիչների աշխատավարձն այնքան է փոքրացել, որ նվաստացուցիչ է
Հուլիսի մեկից սպասվող աշխատավարձերի բարձրացումը կշրջանցի մանկավարժներին և գիտաշխատողներին: Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի խոսքով, մանկավարժները հուսախափ վիճակում են:
«Ուսուցիչների դասղեկությունը շատ դպրոցներում չի վճարվում կամ հիսուն տոկոսով է վճարվում: Գրավորների, մեթոդմիավորումների համար չեն վճարվում: Ուսուցիչների աշխատավարձն այնքան է փոքրացել, որ նվաստացուցիչ է: Ես հորդորում եմ, որ մանկավարժները այդ վրդովմունքը դասարանում չարտահայտեն: Թող միահամուռ կառավարությունից պահանջեն իրենց արժանի աշխատավարձը: Դասարանում երեխաներին չասեն՝ ինչ ենք ստանում, որ ինչ տանք: Սա մանկավարժի համար անթույլատրելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ըստ Անահիտ Բախշյանի, ուսուցչին պետք է վճարել հավուր պատշաճի և պահանջել այն կրթությունը, որը պատվիրում է պետությունն իր ապագա քաղաքացիների համար:
«Կրթությանը հատկացվող պետբյուջեի գումարները նվազում են, իսկ իշխանությունը ամպագորգող մտքեր ու կրթության ոլորտի մտահոգությունների մասին նախադասություններ է արտասանում: Մեր ուսուցիչների արժանապատիվ կյանքը չի ապահովվում, նրանցից ավելին պահանջել, քան այսօր կա, պարզապես անբարոյականություն է»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձին, Անահիտ Բախշյանը նկատեց, որ կառավարության հաստատված ծրագրով գիտնականների սոցպաշտպանվածության գործում մեխանիզմներ էին դրվելու, աջակցվելու էին նրանց ծրագրերը և այլն:
«Սիրուն նախադասություններ, բայց իրականում գիտությանը և գիտնականներին սատարելը տեսնում ենք ինչ վիճակում է»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում