Մարտունու շրջանի Ճարտար գյուղում բացվել է վերանորոգված հիվանդանոցը
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը:
Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են եկել Հ. Քուշկյանն ու Արցախի թեմի առաջնորդը: Ծրագրի համաֆինանսավորողներ Վլադիմիր Ավագյանն ու Համլետ Համբարձումյանը կարևորել են հարմարավետ պայմաններով ու համապատասխան սարքավորումներով ապահովված հիվանդանոցի առկայությունը նմանատիպ մեծ գյուղի բնակչության առողջության պահպանման գործում: Նրանք նշել են, որ շարունակելու են ներդրում ունենալ Ճարտարի զարգացման ճանապարհին: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետը ծանոթացել է վերաբացված հիվանդանոցի պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների մակարդակից: Նա ողջունել է բարերարների նախաձեռնությունները և հավաստիացրել, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նրանց ծրագրերի իրագործմանը:
Ա. Հարությունյանն այցելել է նաև Ճարտարում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների հարթակներ և ծանոթացել դրանց արդյունքներին ու ընթացքին: Վերջում, բարերարների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ գյուղում կառուցվելիք եկեղեցու շինարարության հետ կապված որոշ հարցեր քննարկելու նպատակով:
Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա