Կառավարությունը պարտադիրի մասով գնում է «կոմպրոմիսի». Գագիկ Մակարյան
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունները համարում եմ ժամանակավոր լուծում, քանի որ կառավարությունը այդ քայլին գնացել է կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման հետ կապված խնդիրները հաղթահարելու և հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները լուծելու համար»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում մեկնարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը: Հարցի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ օրենքի փոփոխության հիմքում ընկած է երկու խնդիր` Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին ընդունած որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանը և հասարակության մտահոգությունները:
Այսպիսով, ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում 2014 թվականի հուլիսի 1-ից, երբ օրենքներն ուժի մեջ մտնեն, այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվելու: Օրենքով սահմանվում է պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար: Նշենք նաև, որ նպատակային սոցիալական վճարը կկիրառվի միայն պետական աշխատողների դեպքում:
Այդուհանդերձ, Գ.Մակարյանը գտնում է, որ սա խնդրի վերջնական լուծում չէ, քանի որ կառավարությունը այժմ գտնվում է այնպիսի իրավիճակում, որ պարտադիր կուտակայինի հարցով գնում է «կոմպրոմիսի» ինչպես հասարակության, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ:
«Այսպիսով, կառավարությունը գտավ մի տարբերակ, որով կկարողանա ժամանակավորապես հանդարտեցնել կրքերը: Արդյունքում` ընտրեց այնպիսի մոդել, որը մասնավորին զերծ կպահի պարտադիր վճարներից, իսկ գումարներն առայժմ կհավաքագրվեն պետական համակարգից»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով` սա հանդարտացնելու, ժամանակ շահելու լավագույն տարբերակներից է, սակայն այս մոդելը չի կարող երկար գործել: Ուստի կարծում է, որ օրենքը մի քանի ամիս հետո նորից կվերանայվի:
Գ.Մակարյանը միաժամանակ նշեց, որ ինչ-որ տեղ կարելի է կառավարության այս քայլը գովել, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուսակցությունների հետ հանդիպումից հետո կարողացավ կողմնորոշվել` ինչ մոդել ընտրել, որը խնդրին ժամանակավոր լուծում կտա:
«Մարդու թևերը պետք է ազատ լինեն, որպեսզի կարողանա հանգիստ մտածել: Եթե շուրջ բոլորդ բոլորը բողոքում են, աղմկում են, դա հոգեբանորեն բացասական ազդեցություն է ունենում: Հիմա մի խնդիր վարչապետը լուծեց»,- ասաց նա` հավելելով, որ այս կառավարությանը նույնպես համարում է ժամանակավոր և գտնում է, որ կառավարության կազմը պետք է փոփոխությունների ենթարկվի, քանի որ այնտեղ մարդիկ կան, որ չպետք է լինեն կառավարությունում:
Նախորդող`
Իմ կարծիքով` նպատակային սոցիալական վճարը ճիշտ քայլ է. Վարչապետ
Աղբի անունը մեղր դնելով` աղբը մեղր չի դառնում. Ա.Մինասյան
Շարմազանովն ընդդիմությանը. Ինչ է նշանակում գալ և 70 հոգու դասեր տալ
Կենսաթոշակային ոլորտին վերաբերող վիճահարույց օրենքը ներկայացվեց նորովի
«Պարտադիր կուտակային վճարի փոխարեն նպատակային սոցիալական վճար». Կենտրոնի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին