Քառյակը հրապարակեց համատեղ հայտարարությունն ու պատրաստվում է դիմել ՍԴ
«ԱԺ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտեց կանոնակարգ օրենքը` սահմանափակելով պատգամավորների իրավունքները: Ոչ իշխանական ուժերը փորձեցին կասեցնել առանց հանրային քննարկումների խորհրդարանին պարտադրված մի շարք վիճահարույց օրենքների փաթեթների քննարկումը: Օրակարգում ներառված էր նաև ժողովրդի կողմից մերժված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը խարխլում է մեր պետության դիրքերը: Մենք հայտարարում ենք, որ քվեարկությունն անվավեր է, դատապարտում ենք այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ շարունակելու ենք պայքարել օրենքի դեմ». սա է ԱԺ ոչ իշխանական ուժերի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է առավոտյան քվեարկությունից հետո և որը քառյակի համատեղ ասուլիսում ընթերցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ճգնաժամային այս իրավիճակը առաջ է բերում մի շարք խնդիրներ, որոնք ԱԺ կանոնակարգ օրենքում կանոնակարգման խնդիր ունեն, մասնավորապես` թե ինչ ընթացակարգեր պետք է իմպերատիվ կերպով պահպանվեն և եթե խախտվում են` պատժվեն:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ այսօրվա իշխանությունները ոչ թե փորձում են համախմբել հանրությանը և միասին լուծել մարտահրավերները, այլ նման կերպ են գործում, ինչը հուսահատություն է առաջացնելու հանրության մոտ:
«Մենք կդիմենք Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակը և օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը»,- նշեց դաշնակցական պատգամավորը` տեղեկացնելով, որ որևէ մեկը չի կասկածում, որ քաղաքական մեծամասնությունն այսօր երրորդ ընթերցմամբ քվեարկության կդնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը:
Նախորդող հրապարակում `
Կրկես, թե խորհրդարան. ԱԺ նախագահը մերժեց բոլորին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում