Հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղում ներդրվում է Ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը
Հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրվում է Ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգող Կարինե Արշակյանը, Ծննդօգնության պետական հավաստագրերը կտրվեն հղիության նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատությունների՝ կանանց կոնսուլտացիաների կողմից:
Նշենք, որ հավաստագիրը ներդրվում է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ: 2008 թ-ին Հայաստանում նույնպես ներդրվեց Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը:
Ըստ Կ.Արշակյանի` այս փաստաթղթով հղին կարող է դիմել իր նախընտրած բուժհաստատությանը՝ ծննդօգնության ծառայությունից օգտվելու համար: Այսպիսով, հավաստագիրը հանձնելով կինը ստանում է անվճար բուժօգնություն՝ պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային մանկաբարձական օգնություն, որն ընդգրկում է ծննդալուծման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ ծավալը՝ դեղերով և բժշկական պարագաներով ապահովում, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` բուժական միջամտություններ և այլն:
«Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Արցախում կինը գտնվում է պետության հսկողության ներքո»,- ասաց Կ.Արշակյանը:
Նա Արցախի առողջապահության ոլորտում իրականացվող այս բարեփոխումը դիտարկում է որպես ժողովրդագրական
ցուցանիշների բարելավմանն ուղղված կարևոր քայլերից մեկը:
«Արցախում ծնելիության խնդիրը կարևոր նշանակություն ունի և հավաստագրի ներդրումը ծնելիության խրախուսման պետական մոտեցման կարևորագույն քայլերից մեկն է հանդիսանում»,- ասաց նա` հավելելով, որ պետության կողմից ծնելիության ցուցանիշները բարձրացնելու համար շարունակելու են ձեռնարկել մի շարք ծրագրեր:
Կ.Արշակյանը կարևորեց նաև այն, որ Ծննդօգնության հավաստագիրը տրամադրվելու է մինչև հղիության 12 շաբաթական ժամկետում հաշվառման կանգնած կանանց:
«Երբ հղիները ուշ են կանգնում հաշվառման, իրենց մոտ բավականին բարդություններ են առաջանում, ինչպես նաև մանկական մահացության թիվն է ավելանում: Ուստի, այս հավաստագրի ներդրումը կնպաստի հնարավորինս այդ խնդիրներից խուսափելուն, և Արցախում առողջ երեխաներ կունենանք»,- ասաց Կ.Արշակյանը:
Նա նաև հավելեց, որ Ծննդօգնության հավաստագրի ներդրման շնորհիվ հանրապետությունում զգալի կբարձրանա նախածննդյան հսկողության վերցված հղիների և ծնելիության ցուցանիշների աճը:
Այսօր Ստեփանակերտում գործում է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, ինչպես նաև` 7 շրջանային բուժկենտրոն, 5 տեղամասային հիվանդանոց, որոնք նույնպես ծնունդներ ընդունելու իրավունք ունեն:
Այդուհանդերձ, ըստ Կ.Արշակյանի, Արցախում ծնունդների հիմնական մասը իրականացվում է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:
Նշվեց նաև, որ 2013 թվականին Արցախում ծնվել է 2371 երեխա, իսկ 2012թ-ին` 2500 երեխա: