Ն.Զոհրաբյանը հանգիստ է` Ադրբեջանին չի հաջողվի զրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը և արդեն իսկ վեհաժողովի կայքում տեղադրված է Ադրբեջանի պատգամավոր Էլխան Սուլեյմանովի նախաձեռնությամբ 58 պատգամավորի ստորագրությամբ նախագիծ, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել հայկական պատվիրակության դեմ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ադրբեջանցիները մասնավորապես այդ նախագծով ուզում են զրկել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից:
Առաջին անգամը չէ, շարունակեց Ն.Զոհրաբյանը, որ Ադրբեջանը տարբեր հարթակներում փորձում է անհեթեթ նախաձեռնություններով հանդես գալ: Հիշեցրեց, որ դեռ ապրիլին, մինչ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնելը Ալիևը իր հերթական ռազմատենչ ելույթներից մեկում հայտարարեց, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում նրանք բարձրացնելու են հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը:
«Ցավում եմ, բայց իրենց հաջողվել է 58 պատգամավորի ստորագրություն կորզել, բայց երբ նայում ենք այդ պատգամավորների ցուցակը` այնտեղ բոլորը Ադրբեջանի հայտնի լոբիստներն են, որոնք յուրաքանչյուր նստաշրջան Ադրբեջանից ստանում են իրենց վարձատրությունը դրամով կամ սև խավիարի 700 գրամանոց տուփերով, ինչին ես բազմիցս ականատեսն եմ եղել»,- ասաց պատգամավորը` միևնույն ժամանակ վստահությամբ պնդելով, որ Վեհաժողովը չի կորցրել իր սթափությունը և բանական տրամաբանությունը և վստահություն հայտնեց, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական այդ անհեթեթ նախաձեռնությունը լուրջ արձագանք և զարգացում չի ստանա:
Հայկական պատվիրակության անդամը նկատեց, որ այսօր, երբ նստաշրջանը մեկնարկի, այդ 58 պատգամավորներից տասը կամ ավելին ոտքի կկանգնեն և կառաջարկեն կասեցնել մեր պատվիրակության մանդատը, հարցը կփոխանցվի ԵԽԽՎ կանոնադրական հանձնաժողով` այդպիսին է ընթացակարգը, բայց ողջ այդ ընթացքում պատվիրակությունը կշարունակի իր աշխատանքները: Եվ հանձնաժողովը որևէ ընթացք չի տա ադրբեջանական այդ զառանցանքին:
«Ես հրաշալի հասկանում եմ, թե ինչու է Ադրբեջանը նախահարձակ լինում, որովհետև Ալիևը շատ լավ գիտի, թե վաղը` հունիսի 24-ին իրեն և 25-ին իր արտգործնախարար Մամեդյարովին ինչ է սպասվում ԵԽԽՎ-ում: Ադրբեջանն այսօր այնպիսի հակադեմոկրատական ճգնաժամի մեջ գտնվող երկիր է, որի խնդիրը լրջագույնս դրված է միջազգային հարթակներում, այդ թվում և ԵԽԽՎ-ում և շատ լավ գիտի, թե ինչ հարցեր են հնչելու իր և Մամեդյարովի ելույթից հետո, ուստի «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տարբերակն են օգտագործում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա վստահեցրեց, որ դա չի հաջողվի, քանի որ Ադրբեջանում այսօր անազատության մեջ են 40-ից ավելի լրագրողներ, քաղհասարակության ակտիվիստներ, ընդդիմության ակտիվիստներ... թեև հարց է` իսկապես Ադրբեջանում կա՞ ընդդիմություն: Եվ Ադրբեջանը, շարունակեց նա, այսօր միակ ԵԽ երկիրն է, որտեղ Սահմանադրությունն է փոխված, ինչը երկրի ղեկավարին հնարավորություն է տալիս սուլթանի կարգավիճակով անընդմեջ առաջադրվել` վերարտադրելով իր կլանը:
«Եվ վստահ եղեք, որ այս նստաշրջանում լուրջ և ծանր օրեր են սպասվում Ադրբեջանին` որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկրի»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ավանդաբար, երբ ինչ-որ երկիր վեց ամսով ստանձնում է նախագահությունը, այդ երկրի զինանշանով ու դրոշով տարբեր գովազդային պաստառներ են փակցվում Ստրասբուրգում, բայց ֆրանսիական այս քաղաքի քաղաքապետարանը, ի նշան բողոքի Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական վիճակին հրաժարվել է այդ երկրի զինանշանով որևէ գովազդային վահանակ օգտագործել: Այդ թվում և ԵԽԽՎ տրամվայը, որի վրա ավանդաբար փակցվում է նախագահող երկրի զինանշանը, տրամվայն էլ Ադրբեջանի զինանշանով չի աշխատի առաջիկա կես տարին:
Ինչ վերաբերում է մեր հարցին, թե եթե ադրբեջանցիները հաջողեն իրենց նախաձեռնությունով, ապա որքան ժամանակով կզրկվի հայկական պատվիրակությունը ձայնի իրավունքից, Ն.Զոհրաբյանը նշեց. «Եկեք նման հոռետեսական սցենարներ չքննարկենք, որովհետև դա բացարձակապես անիրականալի սցենար է: Ավելին` ես շատ փակագծեր հիմա չեմ ուզում բացել, բայց մեր պատվիրակությունը շատ պատրաստված է ժամանել Ստրասբուրգ, մենք պատրաստել ենք նաև նեգատիվ զարգացումների դեպքում մեր քայլերի հաջորդականությունը: Բայց ես գրեթե բացառում եմ հայկական պատվիրակության և Հայաստանի համար որևէ բացասական զարգացում վեհաժողովում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան