ՌԴ-ն պատրաստակամ է ներդրում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում. Ս. Լավրով
«Ռուսաստանը կարող է և փորձում է անել ամեն ինչ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե հաշվի առնելով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրանում ձևավորված լավ հարաբերությունները, արդյո՞ք կարող է ՌԴ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նախօրեին ՀՀ է այցելել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախքան լրագրողների հետ հանդիպումը կայացել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները:
Է. Նալբանդյանն նշեց, որ Ս. Լավրովը ներկա է եղել 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչը նույնպես խորհրդանշում է ՌԴ-ի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
«Ռուսաստանը, նաև այդ գործընթացին աջակցող այլ երկրների` հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտել են տարբեր հայտարարություններով, այն է՝ առանց նախապայմանների պետք է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, իրականացնել այն պայմանները, որոնք կան արձանագրություններում»,- ավելացրեց ՀՀ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովն իր հերթին հաստատեց, որ ՌԴ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը. «Արձանագրությունները ստորագրելուց առաջ էլ, հետո էլ մենք պատրաստակամություն ենք հայտնել մեր ներդրումն ունենալ այն բոլոր ձևաչափերում, որոնք կբավարարի Հայաստանին և Թուրքիային»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան