Շանթի և մյուսների պաշտպանները պահանջում են հրապարակային դարձնել դատավարությունը
Հունիսի 25-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը պետք է դարձնենք հրապարակային: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Մենք պետք է դատավարությունը բոլոր ուժերով դարձնենք հրապարակային: Եթե թույլ չտան ներկա գտնվել դատարանի նիստերի դահլիճում, ապա այն պետք է հասանելի դարձնել հրապարակում, և մեր մասնակցությունը դատական նիստերին իրականացնենք հրապարակում»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք` հունիսի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը, որին սակայն ամբաստանյալների հարազատները ներկա չէին գտնվել` դատական նիստերի դահլիճի փոքր լինելու պատճառով: Փաստաբան Արա Զաքարյանը նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանից խնդրել էր նիստերը տեղափոխել ավելի ընդարձակ դահլիճ ունեցող դատարան, սակայն մերժում ստացել:
Այսօր Շանթ Հարությունյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է դատարանը փոխելու միջնորդություն ներկայացնել, քանզի նման նախադեպ արդեն եղել է և աղմկոտ դատավարությունները տեղափոխվել են այլ ավելի ընդարձակ դահլիճ ունեցող դատարաններ, մասնավորապես` Շենգավիթի դատարան:
«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունները 14 հոգու նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում` հստակ իմանալով, որ նրանք իրենց քաղաքական հայացքների համար հետապնդվեցին և այդ ամեն ինչը վերածվեց քրեական մեղադրանքի: Այսօր նաև խոչընդոտում են դռնբաց դատաքննությանը: Ես սա համարում եմ հրապարակայնության խախտում, որը թույլ տվեցին իշխանությունները», -հայտարարեց տիկին Պետրոսյանը` նկատելով, որ պաշտպանները ևս հնարավորություն չեն ունենալու մասնակցել փոքր դահլիճում ընթացող դատավարությանը:
Ի դեպ, տիկին Պետրոսյանն ասաց, որ Շանթ Հարությունյանը չի հրաժարվել իր ծառայություններից, ինչպես հայտարարել էր նախորդ դատական նիստում, և ինքը կշարունակի պաշտպանել նրան:
Փաստաբան Արա Զաքարյանը նկատեց, որ նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործը աղմկահարույց գործերից է և հետևաբար, պետք է հրապարակային լինի, որ հասարակությունը կարողանա դրան հետևել: Նրա խոսքով, Պաշտպանը պետք է իր պաշտպանյալի կողքին լինի մեկ սեղանի մոտ, կարողանա շփվել, խորհրդակցել նրա հետ, սակայն նման պայմաններ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում չկան:
Գործով մյուս պաշտպան Հովհաննես Քոչարյանն իր հերթին նկատեց, որ դատական նիստերի նման անցկացումը հրապարակայնության սկզբունքի խախտում է, ինչն էականորեն կվնասի գործին:
Հարակից հրապարակում`
Փաստաբանները մեզ չեն կարա օգնեն, սա քաղաքական պրոցես ա. Շանթի դատը (տեսանյութ)