Պլաստիկ վիրաբույժ. Երիտասարդները հիմնականում քթի վիրահատության համար են դիմում
Հայաստանում պլաստիկ վիրահատական միջամտությունները շատացել են: ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը սա պայմանավորում է նրանով, որ մարդիկ ցանկանում են ավելի գեղեցիկ ու երիտասարդ մնալ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բժիշկը նշեց, որ Հայաստանում առաջին տեղում քթի պլաստիկ վիրահատություններն են, ապա կրծքագեղձի, փորի, կոպերի, ականջախեցիների լիպոսակցիաներ, կոնտուրային դեֆորմացիաների շտկումները:
«Դիմում են և կանայք, և տղամարդիկ` կախված տարիքային խմբից: Բայց ավելի շատ դիմում են կանայք: Երիտասարդ տարիքում ավելի շատ քթի վիրահատությունների համար են դիմում, տղաներն էլ ավելի մեծ տարքիային խմբերում՝ տարիքային փոփոխությունների հետ կապված որոշակի խնդիրներ շտկելու համար»,- ասաց նա:
Արմեն Հովհաննիսյանի խոսքով, վերջին շրջանում բարդություններ լինում են, բայց մահացություններ չեն գրանցվել. «Եթե արյան մակարդելիության համակարգի խաթարումներ, բորբոքային, սիրտ-անոթային ծանր, չկոմպենսացված հիվանդություններ ունեն, ինչպես նաև շաքարային դիաբետ, իմունային հիվանդություններ, դրանք կարող են վիրահատությունից հետո բարդություններ առաջացնել, ընդհուպ մինչև մահ: Ցավոք դեպքեր ունենք, երբ հիվանդը խաբելով, չտեղեկացնելով խնդիրներ է առաջացնում: Իսկ եթե մարդուն ոտքից գլուխ հետազոտենք, դա ավելի թանկ կարժենա, քան վիրահատությունը»:
Նա նկատեց, որ մասնագիտությունն ակտիվ զարգանում է, նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվում. «Փորձում ենք Հայաստան բերել լավագույն տեխնոլոգիաները, շուկան հագեցած է բազմաթիվ անորակ և ժամանակի փորձությունը չանցած գործիքակազմով, դեղորայքով: Փորձում ենք այնպես անել, որ կասկածելի ու որոշ դեպքերում վնասակար մեթոդները չգան Հայաստան»
Արմեն Հովհաննիսյանի խոսքով, այսօր կիրառում են բջջային տեխնոլգիաները և օրագանիզմի ցողունային բջիջները. «Դրանք օգտագործվում են դեմքի երիտասարդացման, մաշկի որակը բարելավելու, վերականգնողական պրոցեսները խթանելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան