Արամ Ղարաբեկյանի հիշատակին նվիրված համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ է նվիրելու դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հիշատակին: Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից: ՀՊՖՆ-ի հետ հանդես է գալու սոպրանո Նունե Բադալյանը: Համերգի ընթացքում հնչելու է Լիստի «Պրելուդներ» և Շտրաուսի «Չորս վերջին երգեր» ստեղծագործությունները: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Վարդան Հակոբյանը: Համերգը կայանալու է հուլիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հուլիսի 7-ին կլրանա Արամ Ղարաբեկյանի 59-ամյակը: Դիրիժորն այս տարվա հունվարի 11-ին ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել:
Ա. Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Ջ.Դրուգմանի և Լ.Բերնշտայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ.:
Աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ:
1999թ. ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Խանչջոու քաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: