Հայաստանում 65 հազար մարդ աշխատանք է փնտրում
Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 64 900 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,5%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը` հավելելով, որ աշխատանք փնտրողների 46 600-ը կանայք են, 15 800-ը՝ երիտասարդներ:
Ա. Մանգասարյանը նշեց, որ աշխատանք փնտրողներին պետք չէ շփոթել գործազուրկների հետ: Ըստ նրա` հունիսի 1-ի դրությամբ գործազուրկները կազմում են աշխատանք փնտրողների 95.4 տոկոսը. այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7 տոկոսով (59.6 հազ. մարդ): Բանախոսի փոխանցմամբ` նշված ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 4277 մարդ, որից 2572-ը՝ կին:
Անդրադառնալով գործազրկության նպաստ ստացողների թվին, Ա.Մանգասարյանն ասաց, որ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 4355 գործազուրկ, որոնցից 3012-ը կանայք են, 734-ը՝ երիտասարդ:
Այսպիսով, ըստ նրա, աշխատանք փնտրողների մեծամասնությունը կանայք են: Ա. Մանգասարյանի խոսքերով՝ հասարակության մեջ կա որոշակի կարծրատիպ, և տղամարդիկ խուսափում են դիմել զբաղվածության պետական գործակալությանը:
«Տղամարդիկ, ինչպես նաև երիտասարդները խուսափում են գրանցվել, մինչդեռ Հայաստանում բազմաթիվ աշխատեղեր չեն լրացվում՝ հարմար շահառուներ չլինելու պատճառով»,- ընդգծեց նա:
Գործակալության պետը միաժամանակ նշեց, որ աշխատանք փնտրողների համեմատ աշխատատեղերի քանակը անհամեմատ քիչ է. ընդամենը 2148 թափուր աշխատատեղի հայտ է ստացվել հունիսի 1-ի դրությամբ, որի կեսը բանվորական, կեսը ծառայողական աշխատատեղեր են:
Հարցին, թե աշխատաշուկայում որոնք են պահանջարկ ունեցող մասնագիտությունները, Ա.Մանգասարյանը նշեց, որ պահանջարկը բազմազան է:
«Որքան էլ զարմանալի է, այժմ աշխատաշուկայում ամենապահանջարկվածը՝ հատկապես մարզերում, բժշկի, բուժքույրերի, ուսուցիչների մասնագիտություններ են»,- ասաց նա` հավելելով, որ պահանջարկ ունեն նաև համակարգչային օպերատորների, ճարտարապետների, տնտեսագետների, ՏՏ ոլորտի մասնագետների, դիզայներների, հաշվապահների, ինչպես նաև էլեկտրիկների, որմնադիրների, վարորդների, վարսահարդարների մասնագիտությունները:
Ինչ վերաբերում է գործազրկության թվի աճին, Ա.Մանգասարյանը տեղեկացրեց, որ այս տարի ներդրվել են բազմաթիվ ծրագրեր, ուստի մեծացել է շահառուների թիվը, որոնք կարող են ընդգրկված լինել պետական ծրագրերում: Ի դեպ, 2014 թ-ին զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում աշխատանքի է տեղավորվել 5 սիրիահայ՝ գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ: Մի շարք ծրագրեր էլ, ըստ նրա, իրավական ակտերի բացակայության պատճառով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում չեն կատարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում